Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղերձները տեղ են հասել, ու հիմա գնդակը նրա դաշտում է

Հուլիս 20,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր եւ շատ եվրոպական»

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների առնչությամբ երկուստեք կարեւոր ուղերձների հրապարակմամբ: Մի կողմից՝ ունենք նոր Հայաստան, որը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, մյուս կողմից՝ տպավորություն էր ստեղծվել, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր մակարդակ ապահովելու հարցը մի տեսակ հետին պլան է մղվել: Փաշինյանի՝ բրյուսելյան այցից հետո որոշակի հստակություն մտցվեց:

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց, եւ պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Փաշինյանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, եւ որ այս ճանապարհին Հայաստանը կարեւորում է ԵՄ աջակցությունը եւ պատրաստ է վերջինիս հետ սերտ համագործակցության: Տուսկը կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, եւ կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել էր Դոնալդ Տուսկը:

«Ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ»

Բրյուսելից Երեւան վերադարձին` Զավենտիմ օդանավակայանում, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց իր այցը, եւ այստեղ պարզ դարձավ, որ նա նաեւ կոշտ խոսակցություններ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կոնտակտների հաստատման այց, եւ այդ առումով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել: Իրենք մեզ համար առայժմ միայն շնորհավորանքներ եւ կոմպլիմենտներ ունեին, հաճելի էր լսելը, բայց նաեւ իրենք հասկացան, որ էդ վիճակում չենք մենք, որ կոմպլիմենտներից եւ հաճոյախոսություններից հալվենք: Ես նրանց ասացի, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչեւ վերջ կտանենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել այդ բարեփոխումները, բայց նաեւ հայցորդի կարգավիճակում չենք: Ասացի, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ից բազմաթիվ ողջունող հայտարարություններ ենք լսել, բայց քաղաքականության մեջ ոչ մի լուրջ փոփոխություն չկա, նույնն է, ինչ 3-4 ամիս առաջ. կա՛մ պետք է հայտարարությունների ոգեւորվածության մակարդակն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը փոխել»:

Փաշինյանը բրյուսելյան հանդիպումներում շեշտել է, որ «ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ է, մեր հավատամքն է»: «Ես ուղիղ տեքստով ասել եմ իրենց` մենք այդ փոփոխությունները, միեւնույն է, կանենք` կա՛մ ձեր աջակցությամբ, կա՛մ առանց դրա, մեզ համար չկա թեմա` եթե չաջակցեք, փոփոխություն չի լինի: Ժողովրդավարությունն ու այս փոփոխությունները չենք պատրաստվում դարձնել սակարկության առարկա, կոռուպցիայի դեմ պայքարում ենք ոչ թե նրա համար, որ ԵՄ-ն է պահանջում, որ պայքարենք, այլ ընդհակառակը` մեր ժողովուրդն է պահանջել: Ես նրանց շատ պարզ ասացի, որ մենք այստեղ հայցորդի կարգավիճակով չենք եկել, միեւնույն է՝ անելու ենք մեր փոփոխությունները, այդ դո՛ւք կարող եք բաց թողնել ձեր շանսը` ձեր աջակցությունն ունենալու այդ փոփոխություններում: Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար արտաքին քաղաքական սակարկության առարկա չի կարող դառնալ»:

ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքն ամբողջացնելով՝ Փաշինյանը պատմեց, որ վերջերս մի առիթով ԵՄ ներկայացուցիչներից մեկը զարմացած հարցրել է` ո՞նց էր Հայաստանում այսքան թաքնված կոռուպցիա, եւ Փաշինյանը նրան պատասխանել է. «Մեզ ձեռք մի առեք, թե տեղյակ չէիք, շատ լավ էլ գիտեիք, ամեն ինչից տեղյակ էիք, տեղ կար, որ որոշում էիք չնկատել՝ հույս ունենալով աշխարհաքաղաքական առավելություններ ստանալ, հիմա չունեք, որովհետեւ ձախողվել է, հիմա շոկային վիճակում եք»: Իսկ երբ ինչ-որ եվրոպացի չինովնիկ վարչապետին ասել է, որ պատրաստ են ինչ-որ մի ծրագրի շրջանակում ինչ-որ մի գումարի աջակցություն հատկացնել Հայաստանին, Փաշինյանը տվել է մի հայտնի կոռուպցիոների անուն եւ հավելել. «Նրան մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումարը կթափվի, էնպես որ, էդ գումարը, եթե ուզում եք, դուք նեղ վիճակում եք, ձեզ պահեք, կծախսեք, մենք կգտնենք ներքին բարեփոխումների արդյունքում»:

Ընդհանուր առմամբ Փաշինյանի ուղերձները վկայում են այն մասին, որ նա դժգոհ է եղել ԵՄ-ից՝ հետհեղափոխական իրավիճակին արձագանքելու տեսանկյունից: Բայց գուցե նույն դժգոհությունը եղել է նաեւ ԵՄ պաշտոնյաների մոտ Փաշինյանի կառավարությունի՞ց…
Թե՛ հասարակությանը, թե՛ ԵՄ պաշտոնյաներին առանձին աղմկահարույց գործերով չես զարմացնի: Նախորդ իշխանության ներկայացուցիչներին մոտ կանգնած «չար մարդկանց» դեմ պայքարով չի լուծվում երկրում կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը. սա գիտակցում են բոլորը: Արդյունքների պետք է հասնել բացառապես բարեփոխումների իրագործմամբ, բոլոր ոլորտներում, որի արդյունքում կճնշվի կոռուպցիան ներսից ապագայում:

ԵՄ-ն արագ արձագանքեց Փաշինյանի դժգոհությանը

Ուշագրավ է, որ Բրյուսելից Երեւան վերադարձին Փաշինյանի անկեղծ գնահատականներից ընդամենը մի քանի օր անց ԵՄ-ն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու շուրթերով արձագանքեց ՀՀ կառավարության ղեկավարին: Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ Փաշինյանի ուղերձները տեղ են հասել:

Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով՝ այս շաբաթ հայտարարեց Սվիտալսկին: Դեսպանը նշել է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների իրավական ու քաղաքական հենքը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է եւ «Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը, որոնք բանակցվել են մինչեւ ապրիլյան իրադարձությունները. «Մենք շատ բաց ենք: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է հզորացվեն ու ցույց տան նոր որակ, ապա մեզ պետք են հստակ գաղափարներ, թե կոնկրետ ինչ է Հայաստանի կառավարությունը ցանկանում փոփոխել մեր քաղաքականության մեջ: Մեզ մոտ կա լիակատար պատրաստակամություն՝ լսելու, թե ինչ եք դուք ցանկանում փոխել մեր հարաբերություններում»:

ԵՄ-ին անհրաժեշտ են հստակ գաղափարներ, հստակ ակնկալիքներ՝ կոնկրետ ասել է Սվիտալսկին, եւ այդ դեպքում ԵՄ-ն պատրաստ է քննարկել դրանք: Մեխանիզմը հստակ է եւ նորություն չէ՝ ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ բարեփոխումների դիմաց: Հետեւաբար այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ազդակ է ԵՄ-ի համար, որ ներսից Հայաստանի հասարակությունն ակնկալում է ավելին եւ արժանի է ավելիին: Բայց թե՛ հասարակությունը, թե՛ ԵՄ-ն պետք է տեսնեն բարեփոխումներն ու դրանց արդյունքները՝ համակարգային տեսանկյունից:

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ակնկալիքներն Ադրբեջանից

Բրյուսել՝ Փաշինյանի այցին զուգահեռ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կապված են Ադրբեջանի հետ: Բրյուսելում նախաստորագրվեց ԵՄ-Ադրբեջան գործընկերության մասին համաձայնագիրը, որով կողմերը հստակեցնում են համագործակցության առաջնահերթությունները: ԵՄ-ի բնորոշմամբ՝ այդ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսության, ներդրումների, տնտեսության, օրենսդրության եւ մշակույթի ոլորտներում: Համաձայնագրով Բաքուն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի, հանցավորության եւ ահաբեկչության դեմ, բարեփոխել պետական կառավարման ոլորտը, բարելավել ներդրումային միջավայրը։

«Համաձայնագիրը, որի նախաստորագրմանը Բրյուսելում մասնակցել են ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ԵՄ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Ֆեդերիկա Մոգերինին եւ Էլմար Մամեդյարովը, արտացոլում է Եվրոպական հարեւանության քաղաքականության արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրությունում: Առայժմ հայտնի չեն փաստաթղթի վերջնական ստորագրման ժամկետները: Սակայն Եվրախորհրդարանը նախազգուշացնում է՝ նոր համաձայնագրի վավերացումն ուղղակիորեն կախված կլինի քաղբանտարկյալների ազատ արձակումից եւ կոռուպցիայի դեմ Ադրբեջանի արդյունավետ պայքարից:

Բրյուսելյան հարթակը, ի դեպ, ուշագրավ հանդիպման կազմակերպման առիթ է դարձել: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ Պնախարար Զաքիր Հասանովը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Մամեդյարովն ու Հասանովն իրենց գործընկերներին հրավիրել են այցելել Ադրբեջան, առաջարկն ընդունվել է ամերիկյան կողմից։

Հավելենք, որ հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: «Քննարկվել են երկու պետությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները եւ առաջիկա անելիքները: Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարեւորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Ակնհայտորեն Վաշինգտոն-Երեւան փոխհարաբերությունները եւս ճշգրտման կարիք ունեն: Միացյալ Նահանգների շահերը, սպասելիքներն Ադրբեջանի շուրջ այլ են. սա պարզ է բոլորի համար: Հայկական դիվանագիտությունն այստեղ բավական անելիք ունի: Հաշվի առնելով հանգամանքը, որ հունիսի վերջին եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, կարելի է եզրակացնել, որ վերջին փոփոխություններից հետո Հայաստանը Վաշինգտոնի հետաքրքրություններում, այնուամենայնիվ, կա: Մնացածը, ինչպես ասում են, մեզանից է կախված:

Սկիզբը՝ այստեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 19.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031