Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային տեսուչը եւ հրեշտակի թեւերը

Հուլիս 20,2018 10:54

Հեղափոխությունից հետո պարզվել է, որ պետական համակարգի ցանկացած ոլորտ, որտեղ ստուգումներ են անցկացվում, վարակված է կոռուպցիայի ախտով: Բացատրությունը պարզ է. եթե պետական պաշտոնյայի գործողություններից կախված է միլիոնավոր դրամների, իսկ երբեմն նաեւ՝ միլիոնավոր դոլարների ճակատագիրը, ապա մեծ է գայթակղությունը «մտնել» այդ միլիոնների մեջ: «Մտնելու» ձեւերն էլ են հայտնի՝ պարտադիր չէ, որ դա պարզունակ կաշառք լինի, դա կարող է լինել, օրինակ, փոխկապակցված անձանց «բիզնեսը», որը, սակայն, «բխում է» տվյալ պաշտոնյայի պարտականություններից: Դա էլ է հնարավոր բացահայտել, եթե կա, ինչպես ասում են, «քաղաքական կամք»: Կարեւոր է, սակայն, որ այդ «կամքը» չսահմանափակվի «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների գործունեությամբ:

Վերջերս Վրաստանում նույնպես նման գործընթացներ են սկսվել՝ «թիրախը» նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի շրջապատն է: Դա Վրաստանում է, որը, ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկն է տարածաշրջանում: Եվ դարձյալ քաղաքական ուժերն ու մեկնաբանները կասկածներ են հայտնում՝ շատ հնարավոր է, «կերել» են, բայց արդյո՞ք նախկին եւ ոչ թե ներկա պաշտոնյաներին «բռնելը» պայմանավորված չէ քաղաքական դրդապատճառներով:

Ասում են, Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո կոռուպցիան որոշակի մակարդակներում վերացել է: Խորհրդային «փորը քցած գաիշնիկներին» փոխարինել են երիտասարդ, սպորտային կազմվածքով ճանապարհային տեսուչներ, որոնք իսկապես սկզբնական շրջանում կաշառք չէին վերցնում: Բայց 10 տարում նրանք էլ «փոր քցեցին» եւ սկսեցին կաշառք վերցնել: Ինչո՞ւ: Եկեք լրջորեն վերլուծենք այդ խնդիրը, որ մեզանում սկսված դրական գործընթացներն անշրջելի դառնան:

«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր եւ հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան»,- ասում է Հայաստանի ՊԵԿ ղեկավարը. նա, իհարկե, միանգամայն իրավացի է: Աշխատանքից ազատես հարյուրավոր կաշառակեր հարկային տեսուչներին եւ նրանց վերադասներին եւ տեղն ընդունես հարյուրավոր երիտասարդներին՝ դա դեռ երաշխիք չէ, որ նրանք ավելի լավն են լինելու: Աշխատավա՞րձը բարձրացնես. բայց եթե նույնիսկ մեր սուղ պետական բյուջեն դրա հնարավորությունը տալիս է, դարձյալ վստահություն չկա, որ դա հարցի լուծում է: Եթե տեսուչը ստանում է ոչ թե 200, այլ 400 հազար դրամ, բայց գործ ունի 400 միլիոնի հետ, որտե՞ղ է երաշխիքը, որ նրա մոտ թեւեր կաճեն: Պատժի վա՞խը: 1984 թվականին Մոսկվայի ամենամեծ առեւտրի կենտրոններից մեկի` Ելիսեեւյան խանութի տնօրենին դատապարտել էին գնդակահարության: Արդյո՞ք դա դաս եղավ խորհրդային մնացած տնօրենների համար:

Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես է հնարավոր փոխել «կոռուպցիոն մշակույթը»: Համենայնդեպս, դա այնքան հեշտ գործ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Կոռուպցիայի դեմ պայքարը, «կոռուպցիոն մշակույթը» փոխելը հեշտ է, պարոն Աբրահամյան, այս նյութը կոտրում է մարդկանց հույսը: Մի արեք նման բան:
    Աշխարհում կան կոռուպցիայի դեմ պայքարի անարյուն ու հաջող նախադեպեր: Մի փոքր ուսումնասիրություն է պետք: Հուսանք Նիկոլ Փաշինյանը կանի: Դուք էլ հույս փայփայեք: Եթե չեք ուզում, գոնե մի կոտրեք այլոց հույսը:

  2. Seyran says:

    Խնդիրը միայն կաշառք վերցնողների մեջ չէ,այլ նաև առաջարկողների՝կա կաշառք տվող,կգտնվի նաև վեցնողը:Օրինակը՝Եվրոպական բարձրաստիճան քաղաքական գործիչները՝այնպիսի կաշառքներ էին նրանց առաջարկել,որ չէին դիմացել գայթակղությանը…

  3. Քրիստափոր says:

    Հարգելի Սեյրան, իմ կարծիքով, եթե կոռուպցիան Հայաստանում դրսևորվի միայն կաշառք տալով և վերցնելով, կարելի է այդ մասին նույնիսկ ոչ խոսել ոչ էլ անհանգստանալ:

  4. gib.gibindus says:

    Լեզվամտածողության մասին
    Տարբեր լեզուներում կա ՛՛Նոստալգիյա՛՛ բառը՝մի քիչ ձևափոխված: Բառի մեջ արդեն ինչ որ ռոմանտիկ ու երաժշտական բան կա: Երգերից մինչև ռեստորաններ ու սրճարաններ կարող եք գտնել տարբեր ազգերի մոտ: Մենք ունենք ՛՛ԿԱՐՈՏԱԽՏ՛՛ թարգմանությունը: Ոչ թե ռեստորան, այլ Փոսի Չարբախում ձկան գլխով պեռաշկիանոց ՛՛ԿԱՐՈՏԱԽՏ՛՛ անունով դժար է պատկերացնել: Բայց մենք ունենք ուրիշ բառեր, օրինակ գողացածին անվանում ենք ՛՛ԳՈՂՈՆ՛՛: Լսու՞մ եք երաժշտությունը բառի մեջ: Ու ինչ սիրով տհաս գրչակից մինչև նույն խելքի քաղաքական գործիչ ուղղակի երանությամբ երգում են այդ բառը: Պատկերացրեք հանգստի գոտի կամ ռեստորան ՛՛ԳՈՂՈՆ՛՛: Ֆանտաստիկ գեղեցկություն՝ նույնիսկ բարձրաստիճան արտասահմանյան հյուրերին կարելի է հրավիրել: Ասածս ինչ ա՝ էս որ հմի սենց ընկած գողցող ու կաշառակեր ենք ման գալի ու բռում – ո՞ր պահին ենք կանգ առնելու: Արա, դա մեր մենթալիտետն ա (էս բառից էլ եմ զզվում): Ոնց որ, ասենք, հենա, ռուսական դումայի ղեկավարները մեռան ասելով՝ գործ չունեք բրազիլական բալելշիկների հետ, դրանից բջեր են ծնվում: Հեչ վեջներն ա՞՝ ըտենց են ուզում:

  5. Հ.Շ. says:

    Իսկ եթէ – կամ դժբախտաբար՝ քանի որ – անհնար է Հայաստանում անհետացնել, նշանակալից չափով ու վերջնականօրէն արմատախիլ անել «կոռուպցիոն մշակույթը» (որպէսզի մի փտած սեւ ճիւղ կտրելով՝ երկու հատ աւելի ախտաւոր ճիւղեր ծիլ չտան), վերջերս տեղի ունեցող աղմկալից բացայայտումները պարզապէս միջազգային խոշորացոյցին տակ կը զետեղեն այս նոր հայկական հիւանդութիւնը (արդարեւ, երկրի գոյացումէն առաջ, համայն աշխարհում, բացի ԼՕՍի որոշ արտագաղթողների պարագայէն որոնք կը նոյնացուէին սովետականութեան հետ, Հայի հռչակը, պատկերն ու համբաւը, խորապէս տարբեր էին… Հետզհետէ նուազ խանդավառ դարձանք արդէն ամէն առիթով յայտնելու որ հայ ենք…) : Եւ քանի որ ժամանակն ալ այլեւս անցած է որ դասական Սփիւռքի հայերը հիմնականօրէն հայրենասիրութեան մղումով առեւտրական բնոյթի ներդրումներ կատարեն Հայաստանի մէջ, այս ընթացքը երկիրը կը տանի դէպի գոնէ տնտեսական անել մը, հաստ պատով մը փակուած: Եւ Վարչապետը զարմանո՞ւմ է որ Արեւմուտքը տպաւորուած չէ իր «յեղափոխութեամբ»… Հայաստանը Արեւմուտքէն փող կը ստանայ միայն եթէ արտաքին քաղաքական դիրքերը փոխէ, ջանայ հեռանալ Ռուսատանից: Ոչ թէ որպէս քաջալերանք իր ժողովրդավարական հոլովոյթին, այլ շուկայական վարձատրութիւն՝ իր տէրը փոխելուն համար: Եւ այդ պարագային փոխարժէքին մէջ պէտք է հաշուի առնել Արցախի կորուստը: Ինչ որ թերեւս մեծ խնդիր չէ, կարգ մը հայերի համար…

    Արժանի չէինք Պետութիւն ունենալու:

  6. Ruben says:

    ««Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր եւ հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան»,- ասում է Հայաստանի ՊԵԿ ղեկավարը. նա, իհարկե, միանգամայն իրավացի է:»

    ՊԵԿ ղեկավարը (եւ ոչ միայն ինքը) ծնվել, մեծացել եւ դաստիարակվել է մի միջավայրում (շրջապատում), որտեղ բացակայում էին (չկային) էությամբ սրբերն ու հրեշտակները:

    Կարիք չկար եւ չկա ապացուցելու, որ «Ձուկը գլխից է հոտում», իսկ այսօր “փտած գլուխները” գցեցին կարթը, դրեցին ցանցը, նստեցին նավակը ու ասում են՝ կեղտաջրի մեջ ձուկ բռնեք:

    Սկսեք «կոռուպցիոն մշակույթի» հիմնադիրից:
    Հիմք.- «Ինչ արժեր այս հայտարարությունը հայ ժողովրդի անունից՝ «Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ» 1991թ. Լ.Տ.Պետրոսյան»:

    Պայքարի միջոց՝ «Մասնավոր հետախուզական, վերլուծական կենտրոն»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031