Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐ

Հուլիս 20,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանյոթերորդ

ՏԱՐԲԵՐ ՈՃԵՐ

Եվ Ֆրունզիկը Խորենին ասաց՝ «Հրանտն ու Փելեշն էրկուսն էլ իմ կողմից շատ սիրված ու շատ հարգված մարդիկ են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրանցից ինձ ոչ մի վտանգ չի սպառնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ համաշխարհային մասշտաբի մեծություններ են», եւ Հրանտը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «համաշխարհային մասշտաբի ենք, բայց Գորկու փողոցի անցորդները մեզ չեն ճանաչում», եւ Փելեշյանը ժպտալով Հրանտին ասաց՝ «գիտեի, որ էդ պիտի ասես», եւ Հրանտը Փելեշյանին հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ Փելեշյանը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «գիտեի, որ Ֆրունզի խոսքի վրա էլի Գորկու փողոցի անցորդներին ես հիշելու», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ անցորդներն իրենք են տեղիք տվել, որ իրենց հիշեմ», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցորդները ոչ մի մեղք չունեն», եւ Հրանտը Փելեշին հարցրեց՝ «այսինքն», եւ Փելեշն ասաց՝ «Ֆրունզն ինքն ա մեղավոր, որ ամեն տեղ իրան ճանաչում են», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էլի ինձ մեղավոր հանեցին», եւ Խորիկը թարս նայեց Ֆրունզին ու ասաց՝ «շատ էլ ճիշտ են անում», եւ Ֆրունզիկը  զարմացած հարցրեց՝ «ինչի՞ են ճիշտ անում», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «որովհետեւ խանգարում ես. չես թողնում, որ Արմենչոն Մուշեղի  պատմությունը պատմի», եւ Խորենը թարս նայեց ինձ ու չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «հիմի պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես պատրաստ եմ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «մենք էլ ենք պատրաստ» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «հատկապես Խորիկն ա պատրաստ», եւ Խորիկը Հրանտին ասաց՝ «քեզ ի՞նչ կա. դու էդ պատմությունը գիտես», եւ Հրանտը ժպտալով Խորիկին ասաց՝ «հեսա դու էլ կիմանաս» եւ մի քիչ մտածեց ու նվելացրեց՝ «Արմենչոյի տարբերակով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես էլ Արմենչոյի տարբերակին ծանոթ չեմ», եւ Ֆրունզիկը զարմացած նախ ինձ նայեց, հետո նայեց Հրանտին ու  հարցրեց՝ «Արմենչոյի տարբերակը ո՞րն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «ցանկացած մարդ, որ որեւէ պատմություն ա պատմում, իր ձեւով ու իր տարբերակով ա պատմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «միեւնույն պատմությունը տարբեր մարդիկ տարբեր ձեւով են պատմում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝  «ես էդ պատմության Մուշեղի տարբերակին եմ ծանոթ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ Մուշեղի տարբերակը պատմելու», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «դու ոնց էլ պատմես, քո պատմածը Մուշեղի պատմածից շատ տարբեր կլինի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո ու Մուշեղի ոճերն իրարից շատ տարբեր են», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «քոնն ի՞նչ ոճ ա», եւ ես ժպտալով Ֆրունզիկին ասացի՝ «Հրանտին հարցրու», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «Արմենին որ ճանաչում էի, մի մատ էրեխա էր» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ում մտքով կանցներ, որ մի օր ոճ կունենա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031