Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) գործով. դատական ակտը կհրապարակվի վաղը

Հուլիս 19,2018 21:01

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում (նախագահող դատավոր Մխիթար Պապոյան) Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու:

Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 20-ին ՝ ժամը 12.00-ին:

Փաստաբանը նշեց, որ նիստը եղել է դռնփակ, այս պահին տեղեկություններ չի ցանկանում հաղորդել. «Իմ վստահորդի ցանկությունն էլ է սպասենք, տեսնենք վաղն ինչ դատական ակտ է հրապարակվում: Մինչև այդ ձեռնպահ կմնանք հաղորդել դատական գործի մանրամասներ»:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին:

Հայաստանի երրորդ նախագահի մերձավորներից Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Ըստ ՀՔԾ-ի՝ Վաչագան Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք:

Մինչև ձերբակալումը իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի մայրաքաղաքի բնակարանը և հայտնաբերել առանձնապես խոշոր չափերի գումար։

Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար: ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ըստ Վաչագան Ղազարյանի, բանկից գումարի կանխիկացման նպատակը եղել է այն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը, Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 դոլարն ու 213 հազար դրամը։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանի փաստաբանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի՝ Վաչագան Ղազարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: Վաղը կպարզի՝ առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է օրինակա՞ն, թե ոչ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031