Այսօր կառավարության շենքի մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալների հարազատները բողոքի ցույց էին անում, եւ դժգոհում կալանավայրի պայմաններից, եւ նրանց բնութագրմամբ՝ աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործելաոճից:
«Փաշինյան, քայլ արա, իջիր ներքեւ»,-վանկարկում էին ցուցարարներն ու հանդիպում պահանջում վարչապետի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ հացադուլ հայտարարած Արման եւ Վաղարշակ Խոստիկյանների եղբայրն ասաց, որ ինքն էլ է միանում հացադուլին: Դատապարտյալների եղբայրը՝ Ռոլանդ Խոստիկյանը, ասաց. «Պահանջում եմ վերանայեն գործը: Եղբայրներս անչափահաս երեխաներ ունեն, ու «սարքած» գործի համար՝ գողության, 10 տարուց ավելի են տվել»:
Սիլվա Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին՝ Ալբերտ Հակոբյանը, նույն կալանավայրի 25-րդ խցում է, եւ առողջական խնդիրներ ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում.«Փորն ուռել է, ստամոքսի խնդիր ունի, շնչառական խնդիր էլ ունի, չի կարում նորմալ շնչի, ոչ մի բան չեն անում: Շտապօգնություն են կանչում, գալիս են, ցավազրկող սրսկում ու գնում: 10 ամիս է` սենց անորոշ վիճակ է»:
Կալանավորված Արթուր Օսիպյանի ընկերներն ու հարազատներն էլ, որոնք եւս ցույցին էին մասնակցում, վստահեցրին՝ «Արթուրը ՁԻԱՀ ունի, առողջական վիճակը լավ չէ, դատավորը դրա համար նրան հենց դատարանի դահլիճից ազատ է թողել, բայց դատախազությունը մի քանի օր հետո ձերբակալել է»:
Ցուցարարներն ասում են, որ այս պահին մահամերձ կալանավորներ կան, սակայն նրանց ոչ մի օգնություն չի ցուցաբերվում. «Մենք նախ պահանջում ենք նրանց կալանքի միջոցը վերանայեն ու համաներում տան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ