Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նոր իշխանությունն ունի քաղաքական կամք, Շանթ Հարությունյանին օրինական ճանապարհով ազատ կարձակի». Շահեն Հարությունյան

Հուլիս 19,2018 17:13

Aravot.am-ը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուց՝ Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ «վերջին շրջանում ազատ են արձակվում այն անձինք, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ կալանքի ներքո էին: Իսկ ինչո՞ւ Շանթ Հարությունյանի առնչությամբ զարգացում չկա»:  Հիշեցնենք, որ 2013 թ. Մաշտոցի պողոտայում բախումների գործով 14 ցուցարարներից 12-ը դատապարտվել էին 1,5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ Բացի Շանթ Հարությունյանից, ներկայում մյուսները դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ են արձակվել, մի մասը՝ պատժի կրման բաց ռեժիմով: Շահեն Հարությունյանը նախ նշեց, որ գործն ամբողջովին շինծու դատավարությունն էր՝ քաղաքական բնույթով. «Մենք հայաստանյան բոլոր դատական ատյանները սպառել ենք, հիմա ՄԻԵԴ-ի վճռին ենք սպասում»:

Ինչպես նշեց Շահեն Հարությունյանը, կարծիքներ է լսում, թե քաղբանտարկյալներն անպայման պետք է դիմեն դատական ատյաններին կամ կառավարությանը, որպեսզի փոխվի նրանց խափանման միջոցը. «Մեզ համար այդ մոտեցումն անընդունելի է, որովհետեւ քաղբանտարկյալին ոչ թե ներում են տալիս, այլ արդարացման դատավճիռ: Չէ՞ որ անձը քաղաքական հայացքների համար է պայքարել, գնացել հանուն հայրենիքի անձնազոհության եւ բանտ է նստել: Քաղբանտարկյալին ներում շնորհելը բարոյական եւ տրամաբանական չէ»:

Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրավապաշտպաններից կարծիքներ են հնչում, թե ինչո՞ւ իրենք չեն դիմում կառավարությանը. «Նիկոլ Փաշինյանը, մինչեւ իշխանության գալը, հայտարարում էր, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ու ժողովրդական շարժման հաղթանակի արդյունքում մեր երկրում քաղբանտարկյալներ չեն լինելու: Հիմա ժողովրդի  թեկնածուն եկել է իշխանության: Ուզում եք ասել՝  դիմենք նրան,  որ զբաղվի քաղբանտարկյալների խնդրո՞վ… Ոչ, նա ի սկզբանե հայտարարել էր քաղբանտարկյալների մասին, մենք էլ իր կողքին ենք կանգնել ժողովրդական պայքարի ընթացքում: Հիմա ինչո՞ւ են ակնկալում, որ մենք դիմենք կառավարությանը: Մեզ համար դա անընդունելի է»: Շահենի համոզմամբ՝ եթե նոր իշխանություններն ունեն քաղաքական կամք, ապա օրինական միջոցներ կձեռնարկեն՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու համար:

Մեր զրուցակիցը նշեց, որ Շանթ Հարությունյանը, բացի արդարացման դատավճռից, դեմ է այլ եղանակներով, այդ թվում՝ վաղաժամկետ ազատ արձակման միջոցով ազատվելուն: Շահեն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ կալանավորների համար ընդհանուր համաներում պետք է լինի, իսկ քաղբանտարկյալների հանդեպ արդարացման որոշում։ «Համաներումը նույնպես ներում է, բայց նա չի կատարել հանցանք, որի համար նրան պետք է ներել: Մեր հանդեպ բռնություն են կիրառել, մենք էլ ինքնապաշտպանվել ենք: Եթե իշխանությունը կարծում է, որ նա քաղբանտարկյալ է, նա պետք է ազատ արձակվի՝ օրինական ճանապարհով»,-եզրափակեց Շահեն Հարությունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031