Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի 72-ամյա բնակիչ Արմո Գաբրիելյանը գյուղատնտեսի շուրջ 30 տարվա ստաժ ունի, միջատ վնասատուների դեմ պայքարի մասնագետն ապրում է ոչ թե իր ստացած 35 հազար դրամ կենսաթոշակով, այլ իր մշակած 3 հեկտար պտղատու այգիների բերքով: Ա. Գաբրիելյանը ցավով է նշում, որ Հայաստանի սահմանին կարանտինային թույլ հսկողության պատճառով Վրաստանից Հայաստան են մտել վնասատուներ: 1996-97 թվականներին սահման հանդիսացող Բագրատաշենի կամրջով Վրաստանից ներկրվող դափնու տերեւների հետ Հայաստան է թափանցել ճապոնական մոմային վահանակիրը: Այն շատ վնասներ է պատճառել Դեբեդի հովտի թզենու, դեղձենու, սերկեւիլի, կեռասի , խաղողի այգիներին:
Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ 2 տարի առաջ Վրաստանից ներկրված արքայանարինջի (королек), խնձորենու տնկանյութի հետ Հայաստան է ներթափանցել իմերեթինյան բարձիկավորը՝ ինումերաբիլիսը: Այդ վնասատուի պատճառած վնասները հատկապես ակնհայտ են արքայանարինջի այգիներում: Դրանք բամբակի սպիտակ շերտի նման ձվադրում են արքայանարինջի ծառերի վրա: Ամեն մի ձվապարկում շուրջ 1000 հատ ձու կա, ձվապարկից հետո թափառողները դուրս են գալիս, տարածվում: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Հայաստան ներկրվող տնկանյութը, ըստ օրենքի, պետք է սերտիֆիկատ ունենա, որտեղ պետք է նշված լինի, թե տնկանյութն արդյոք Վրաստանի տարածքում ֆումիգացիոն եղանակով ախտահանվե՞լ է, մաքրվե՞լ վնասատուներից: Եթե տնկանյութը Վրաստանի տարածքում չի ախտահանվել, ապա այն պետք է Հայաստանի մաքսակետի կարանտինային ծառայությունում կահավորված խցերում ,գազային ճնշման եղանակով, մեկ կամ մի քանի օր ախտահանվի, հետո ներկրվի Հայաստան: Նման ախտահանում չի կատարվում, այդ պատճառով վնասատուներն անարգել ներթափանցում են Հայաստան:
Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ վնասատուների դեմ պայքարի արդյունավետ բուժամիջոցներ կան, դրանք հիմնականում գերմանական «Բայեր», ֆրանսիական «Դյուպոն», շվեյցարական «Սիգենտա» ընկերությունների արտադրանք են, որոնց սրվակները համեմատաբար թանկ են, սակայն դրանք այգիները լիարժեք բուժում են: Հայաստան հիմնականում ներկրվում են չինական, թուրքական, հնդկական թունաքիմիկատներ, որոնք համեմատաբար էժան են, սակայն՝ անարդյունավետ: Ներկրող կազմակերպությունները դրանց գնին հավելավճար են ավելացնում, իրենք շահույթ են ստանում, սակայն այգեգործները այդ թունաքիմիկատները բազում անգամ օգտագործելով՝ այգիները չեն կարողանում փրկել վնասատուներից; Դեբեդի հովտում վնասատուներից տուժած, այդպես էլ չբուժված խաղողի, արքայանարինջի այգիները դրանց տերերը ստիպված են եղել քանդել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ