Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն քաղաքական գործիչներին, որոնք ցանկանում են Ուկրաինան և Վրաստանը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, կոչ է արել մտածել այդ որոշման հետևանքների մասին: Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նման ագրեսիվ քայլերին, որոնք ուղղակի սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի համար, համաչափ արձագանք կտանք: Մեր գործընկերներին, ովքեր սրացման են գնում, փորձում են ընդգրկել, այդ թվում, օրինակ, Ուկրաինան և Վրաստանը դաշինքի ռազմական ուղեծրում, լավ կանեն մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը:
Պուտինը նկատել է, որ Եվրոպայում անվտանգության հիմքը համագործակցության և վստահության զարգացումն է: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից նոր ռազմաբազաների տեղակայումը ռուսական սահմանների հարևանությամբ չի նպաստում վստահելի հարաբերությունների վերականգնմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
Պատրաստեց Վիկտորիա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ