ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհում են պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարությունից, վստահեցնելով, որ հարկայինն անցել է տեռորի, եւ անգամ 20 քառակուսի մետրանոց փոքր խանութներում մեծ ծավալի տուգանքներ է նշանակում: Այս մասին ՓՄՁ ներկայացուցիչները հայտնել են ֆեյսբուքյան ՓՄՁ խմբում: Այս դժգոհություններն Aravot.am-ն այսօր կառավարության նիստից հետո փոխանցեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: «Այդպիսի հրահանգ չկա: Կա հակառակ հրահանգը՝ ՓՄՁ-ին հարկային ավելորդ վարչարարությամբ չի կարելի ծանրաբեռնել: Եթե հարկային աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տված հանձնարարությունը, եւ, այնուամենայնիվ, այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից դաշտը պետք է մաքրենք, նորերին բերենք: Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, որոնք պետք է լինեն բացարձակապես մաքուր եւ, ասենք՝ հրեշտակի թեւեր էլ մենք տեսնենք հետեւում, չի լինում նման բան»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ եթե ենթականերն իր հրահանգը չեն հասկացել, ապա նորից կտեղեկացնեն նրանց. «Նորից կհասկացնենք, եթե չեն հասկացել, տարբեր միջամտություններ կան, նորից կհասկացնենք, այդ թվում կոշտ ձեւով»:
Օրեր առաջ Անանյանը խոստացել էր հրապարակել այն գազալցակայանների սեփականատերերի անունները, որտեղ խոշոր ծավալի հարկերից խուսափելու դեպքեր են արձանագրել, սակայն այդպես էլ չհրապարակվեց: Իսկ թե ինչո՞ւ Անանյանը անուններ չտվեց, վերջինս վստահեցրեց՝ իրավապահ մարմինները թույլ չեն տվել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ