Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չարաշահումներ Շիրակի մարզի  2 առողջապահական հիմնարկներում․ հարուցվել են քրգործեր

Հուլիս 19,2018 15:45

Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել  «Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, հարուցվել է քրեական գործ։ Մենք այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն, որտեղից մեզ պարզաբանեցին, որ Շիրակի մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել, վերոնշյալ բուժհաստատությունից բացի, առերևույթ չարաշահումների փաստեր հայտնաբերվել են նաև «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում։

«2018թ. հուլիսի 6-ին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում  օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենը, որպես սանիտար, աշխատանքի է հրամանագրել Արթիկ քաղաքի մի բնակչուհու, որը աշխատանքի չի հաճախել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տվյալ անձը «Արթիկի Մոր և Մանկան ԱՊԿ» ՓԲԸ-ում 2009թ. ընդունվել է աշխատանքի որպես սանիտար, աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձի գումարները: Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ նրա անվամբ հաշվարկվել և վճարվել է ավելի քան 2,3 մլն ՀՀ դրամ գումար:

Մյուս դեպքում քրեական գործի հարուցման առիթ են հանդիսացել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում իրականացված աուդիտի հաշվետվությունում տեղ գտած՝ ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկությունները, որոնք նյութեր նախապատրաստելու նպատակով Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել էին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017թ. վերջին օրերին Գյումրու ծննդատան պաշտոնատար անձինք ընկերության միջոցներով ձեռք են բերել ավտոպահեստամասեր, ինչպես նաև էլեկտրոնային կոդային հավաքմամբ դռան փականք, տեսախցիկներ և թվային տեսագրման սարքեր, այնուհետև, ձեռնարկել ծննդատանը վերջիններիս մոնտաժման աշխատանքները՝ որոնց համար դուրս են գրվել այդ ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքն զգալիորեն գերազանցող դրամական միջոցներ: Դրա հետևանքով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տնօրենի վստահությանը հանձնված՝ ընկերության զգալի չափերի գումարը:

Նշված փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է 2 քրեական գործ. առաջին դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, երկրորդի դեպքում՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն»,-մեզ փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031