«Վերջին շրջանում ԱԱԾ-ի իրականացրած հակակոռուպցիոն գործողությունները ժամանակին են եւ շատ ճիշտ, բայց միշտ ասել եմ՝ ես չեմ դասվում այն մարդկանց թվին, որոնք սպասում են, թե վաղը մի լուրջ բան կբացահայտվի»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Մինչեւ այսօր ոչ մի լուրջ բան չի բացահայտվել: «Կոռուպցիան շեշտակի հարված ստացավ» բնորոշումների հետ համաձայն չեմ»,-հավելեց նա:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ խնդիրն այն է, որ հայաստանյան խոշոր կոռուպցիոներները մեկ ամիս ժամանակ են ունեցել իրենց ոսկիները թաքցնելու համար. «Իսկ ո՞վ թույլ տվեց, որ թաքցնեն, արդեն թաքցրել են, երկու անգամ վերավաճառել ունեցվածքը: Նոր իշխանությունն անգործության արդյունքում է թույլ տվել նման բան, ոչ թե միտումնավոր»:
Եղիազարյանի խոսքով. «Ինչպե՞ս հասկանանք, որ մարդը թմրադիլեր է, բայց հանկարծ պարզվում է , որ նա ՀՀ-ում չէ: Կամ, ի՞նչ է նշանակում, որ կառավարության անդամը փորձում է եզրահանգումների գալ ազգային հերոսի կերպարի շուրջ: Կամ պարզվում է, որ ինչ-որ մեկն էլ աղանդավոր է…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ