Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Բագրատաշենի մաքսակետի պետի նկատմամբ ծառայողական քննություն եմ նշանակել»

Հուլիս 19,2018 15:32

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց Բագրատաշենի մաքսակետի նոր պետի՝ Արթուր Գասպարյանի մասին, որն, ըստ մամուլի հրապարակումների, հայտնի է «Պիտուլ» մականունով, Ալրաղացի Լյովիկի՝ տարբեր աղմկահարույց գործերով հայտնի, ժամանակին ԱԺ պատգամավոր եղած Լեւոն Սարգսյանի քրոջ որդին է, ինչպես նաեւ` ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը: Ըստ մամուլի հրապարակումների, մաքսակետի աշխատակիցները նրա մասին պատմել են, որ իրենք երբեք այդքան անգրագետ, միեւնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել, եւ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով  անցել է կաշառքի գործով:

Կառավարության նիստից հետո, ճեպազրույցին, Անանյանը, պատասխանելով Գասպարյանի մասին մեր հարցին, ասաց.«Այդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ, նա քույր ունի, բայց քույրը տղա չունի: Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ: Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաեւ գրված էր, որ, ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ եւ կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի՝ աշխատակիցները նման բան ասել են, թե՝ ոչ, եւ, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական, չակերտավոր ասած, բաների մեջ վերապահումները տեղին են, թե՝ չէ»:

Մեր հարցին՝ սա արդեն որերորդ դեպքն է՝ դուք նշանակում եք անում, հետո ծառայողական քննություն նշանակում, հնարավոր չէ՞ նախապես կադրի որակը պարզել, թե՞ կադրերի պակաս կա, Անանյանը պատասխանեց. «Կադրեր կան, եւ կադրերը շատ են: Կարեւորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարեւորն այն է՝ մենք որոշումների գերին ենք մնում, թե՝ չէ: Եթե մենք որոշում ենք ընդունել եւ տեսնում ենք, որ մեր որոշումներում որոշակի առումով վերապահումներ կան, մենք ուրիշ որոշումներ ենք ընդունում եւ անցնում առաջ: Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից երեկո դարդ անելն է՝ վայ էս ինչ կադր նշանակեցի… կներեք, դրանում չի իմ անելիքը: Իմ անելիքը հարկային վարչարարությամբ պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովելն է եւ հարկային հսկողություն իրականացնելն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031