2018թ. հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գարիկ Գրիգորյանը: Իրանի պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին, ընդգրկված էին ԻԻՀ ԱԳՆ նախարարության տարբեր ստորաբաժանումների փորձագետներ, ԻԻՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, քաղաքացիական ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներ:
Հայկական պատվիրակությանը ընդունեց ԻԻՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Հոսեյն Փանահի Ազարը:
Հայաստանի և Իրանի պատվիրակությունները քննարկեցին 2017թ. փետրվարին Երևանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծեցին հյուպատոսական, իրավական, մաքսային և այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ԻԻՀ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվեցին հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2019թ. Երևանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ