«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում խախտումներ ենք հայտնաբերել, հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու՝ արդյոք կա՞ն քրեական գործ հարուցելու տարրեր»,-այսօր այս մասին կառավարության նիստից ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե՝ նշված հիվանդանոցում ստուգումներն ինչո՞վ ավարտվեցին:
Օրեր առաջ նախարարն այս բուժկենտրոնի մասին ասել էր, որ հարկ եղած դեպքում տնօրենին աշխատանքից կազատեն: Իսկ դրանից առաջ հիվանդանոցի անձնակազմը նախարարին հորդորել էր դադարեցնել հիվանդանոցի դեմ արշավը:
«Չբուժված հիվանդների համար գումարներն են ստացել պետությունից: Հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումար է գանձվել: Այս պահի դրությամբ մոտ 300 միլիոն դրամի խախտում է: Խոսքը սոցփաթեթի ծրագրի մասին է, ըստ որի, 2016-ին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում էր 8000 դրամ, այս մարդիկ ձեւակերպվել են նաեւ ստացիոնար բուժման ու յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ»,-ասաց նախարարը:
Թորոսյանը վստահեցրեց, որ այս պահին մի քանի բուժհիմնարկներում ստուգումները շարունակվում են, եւ հավանաբար կհրապարակեն բոլոր այն բուժհիմնարկների ցանկը, որոնք նախատեսում են առաջիկայում ստուգել: Բացի այս, հիվանդանոցներում, այսպես ասած՝ օպերատիվ ստուգումներ են լինելու երեկոյան ժամերին, ստուգելու են հիվանդների շարժը, որպեսզի, ինչպես Թորոսյանն ասաց, պարզեն՝ գրանցած 100 հիվանդից քանիսն են ներկա, քանիսը՝ ոչ. «Որովհետեւ սա էլ չարաշահումների տեղիք է տալիս»:
Aravot.am-ի այն հարցին՝ այս ստուգումները կտարածվե՞ն նաեւ մասնավոր հիվանդանոցների վրա, նախարարը պատասխանեց, որ սեփականության ձեւը կապ չունի. «Կստուգվեն «էրեբունի», «Արմենիա», «Աստղիկ» բուժհիմնարկները, բոլոր խոշորները ստուգվելու են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ