Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյան. «Ոմանք ներկայանում են աշխարհահռչակ գիտնական, մինչդեռ սովորական շուլեր են»

Հուլիս 19,2018 14:38

«Կա մի խավ, որ ցանկանում է ատենախոսություն պաշտպանել միայն նրա համար, որ իր էգոն բավարարի: Մի քանի օր առաջ էլ հեռուստաեթերով ասացի, որ կա մի ռեկտոր, որ գիտությունների դոկտորի աստիճան չունի, բայց բուհի ռեկտոր է, հիմա ստուգում ենք…Լինում են նաեւ մանկավարժական ատենախոսության դեպքեր, որոնց մեջ շատ է գրագողությունը: Նաեւ ինձ համար հանելուկ է, որ Ամուլսարի հարցը տասնամյակներ շարունակ կա, սակայն Հայաստանում գոյություն չունի մի ատենախոսության թեմա, որը վերաբերի  Հայաստանում հանքարդյունաբերության ազդեցությանը ստորջրյա գետերի եւ ջրերի վրա: Այդ թեմայով կարելի է ոչ միայն թեկնածուական, այլեւ դոկտորական ատենախոսություն պաշտպանել»,- «Մեդիա» կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ  Սմբատ Գոգյանը: Ինչ վերաբերում է երիտասարդների գիտություն գնալուն, նա կոչ արեց անպայման զբաղվել գիտությամբ, պաշտպանել ատենախոսություն:

Նա կարծիք հայտնեց, որ գիտության ոլորտը տուժել է բուհերի քաղաքականացման արդյունքում, նաեւ այն պատճառով, որ որոշ պետական օղակներ թերացել են իրենց գործառույթները կատարելիս: «Պետք է ունենալ տեսլական, հայեցակարգ` դեպի ուր ենք գնում»,-ասաց Գոգյանը:

ԲՈԿ նախագահի ձեւակերպմամբ, այսօր գիտության ոլորտում բլեֆը աշխարհում շատացել է: « Ես կարող եմ գիտական ատենախոսության օրինակ բերել ցանկացած ոլորտից, որը հակագիտական է, բոլորը ոչ հստակ չափանիշներով են առաջնորդվել:  Մեզ մոտ գիտնականներ կան, որ անգրագետ հոդվածների քանակ են հավաքում ու ներկայանում են  որպես աշխարհահռչակ գիտնական, մինչդեռ սովորական շուլեր են»,- ասաց նա:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով, նախ պետք է պարզենք, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ`  սպասարկման ոլորտ ապահովո՞ղ, զբոսաշրջության երկիր, թե ՞ ուզում ենք ունենալ  գիտահենք տնտեսություն եւ գիտահենք զարգացման հեռանկար ունեցող  երկիր: «Այս խնդիրը դեռ վճռված չէ: Մինչեւ չունենանք այս տեսլականը, չենք կարող հստակ ծրագրավորում իրականացնել գիտության ոլորտում»:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում ոլորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ կան, ինչպես օրինակ ասպիրանտների նյութական ապահովության խնդիրը, նրանք 25000 դրամ են ստանում ամսական, որը նրան կբավարարի միայն հաց ու պանիր գնելու համար: Արեւելագետը նաեւ շեշտում է, որ հաճախ սխալմամբ հակադրվում են հումանիտար եւ բնական գիտությունները:

«Այն  հիմնադրամները, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, ձգտում են հիմնականում ֆինանսավորել բնական գիտությունների ոլորտը, որովհետեւ դա նրանց հետաքրքիր է զուտ պրագմատիկ նպատակներով:  Հումանիտար դաշտը, հատկապես այն ոլորտը, որը ես եմ ներկայացնում`  արեւելագիտությունը, ակնկալել միջազգային ֆինանսավորում, դիցուք ԱՄՆ-ից չի կարող, որովհետեւ ԱՄՆ-ը չի ցանկանա Հայաստանում ֆինանսավորել Իրանի կամ Թուրքիայի ուսումնասիրությունը»,- ասում է Ոսկանյանը:

Նաեւ շեշտում է, որ արեւելագիտությունն անմիջականորեն առնչվում է մեր երկրի անվտանգությանը եւ կիրառական նշանակություն ունի. «Եթե ես այսօր իրանագիտության ամբիոնում չունենամ թալիշերենի մասնագետ, ապա վաղը, Աստված մի արասցե, հաջորդ Արցախյան պատերազմի դեպքում մենք կհայտնվենք առաջին Արցախյան պատերազմի նույն շրջափուլում, երբ ռադիոկապը ապահովվում էր թալիշերենով, իսկ Հայաստանում չկար մի հոգի, որ իմանար թալիշերեն: Անշուշտ կարեւոր է, որ հրթիռ ստեղծող մասնագետ ունենանք, բայց եթե  հրթիռ ստեղծող մասնագետը չունի հումանիտար գաղափարախոսություն, մարդասեր չէ,  նա վաղը  հրթիռը կարող է արձակել իր հարեւանի տան վրա…Այսօր պետությունները պարտվում են քարոզչական պատերազմներում, իսկ այդ խնդիրն իրականացնում են հումանիտար ոլորտը»,-ասաց արեւելագետը:

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը կարծում է, որ կա մի հստակ խումբ, որն իսկապես ուզում է գիտությամբ զբաղվել: Նա նշեց նաեւ, որ գիտական աստիճան ստանալը բավականին հեշտ է դարձել, եւ մարդիկ հեշտ են ստանում գիտական աստիճան: Նշեց, որ իրենց ֆինանսավորման 21 տոկոսը հատկացնում են հասարակագիտական եւ հումանիտար ոլորտին ու ավելի շատ նախաձեռնություններ ընկալում են գիտնականների կողմից:

Վարդան Ոսկանյանը նկատեց, որ որոշ ոլորտներում մասնագետներ չկան, ու ինքը պաշտպանությունների դեպքում ստիպված իր ասպիրանտների համար դրսի համալսարաններից է ընդդիմախոսի կարծիք ապահովում:

Սմբատ Գոգյանը խոստացավ, որ առաջիկայում ԲՈԿ-ում փոփոխություններ կլինեն. « ԲՈԿ-ը ոչ թե պետք է ոստիկանի դեր կատարի, այլ բարոյական չափանիշ թելադրող, համագործակցող մարմին կդառնա, որը նաեւ պատասխանատվության կկանչի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031