Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պետք է երաշխավորի, որ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթարկվի քրեաիրավական ներգործության

Հուլիս 19,2018 14:36
qreakan

Վերջերս aravot.am կայքում հոդված էի հրապարակել, որտեղ անդրադարձել էի ՀՀ ոստիկանության կողմից՝ քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընդունելուց և օրենսդրորեն սահմանված ընթացքն ապահովելուց խուսափելու մի քանի դեպքերի: Ոստիկանությունը հրապարակմանն արձագանքեց և ներկայացրեց այն ինչ-որ հայտնի էր, թե ինձ, թե ոստիկանությանը: Որևէ հղում չեղավ այն խնդրին, որը ես բարձրացրել էի: Ամեն դեպքում, շնորհակալ լինելով ՀՀ ոստիկանությանը մամուլի հրապարակումներին հետևելու համար, կփորձեմ մանրամասն ներկայացնել այն, ինչը, իմ կարծիքով, խոչընդոտում է արդար, բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը:

Ինչպես հայտնի է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի հարուցման առիթները՝ ֆիզիկական անձանց, լրատվության միջոցների հաղորդումներն են, ինչպես նաև իրավապահ մարմինների հայտնաբերումները: Այլ կերպ ասած, այն իրավապահ մարմինները, որոնք իրավասու են հարուցել քրեական գործ, իրականացնել հետաքննություն և նախաքննություն պետք է հետևեն լրատվության միջոցների և ֆիզիկական անձանց հաղորդումներին և եթե հաղորդումների մեջ տեսնեն քրեական գործ հարուցելու առիթ, ապա պետք է իրականացնեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործառույթները: Օրենսգիրքը թույլ է տալիս նաև հենց իրենց՝ իրավապահ մարմիններին, ինքնուրույն հայտնաբերել քրեական գործի առիթներ: Տրամաբանորեն՝ առիթը դա այն հանգամանքն է, որը կարող է ինչ-որ բանի պատճառ դառնալ: Քննարկվող դեպքում, առիթը՝ քրեական գործ հարուցելու պատճառ է: Դա իր հերթին նշանակում է, որ առիթը պետք է ծանրակշիռ հիմքեր ունենա, որպեսզի, ի վերջո, պատճառ դառնա: Սովորաբար, ոստիկանությունը երբ ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում, որ քրեական գործի հարուցման առիթը քրեական գործ հարուցելու պատճառ դառնա, հիմնականում մեջբերում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.07.2007 թիվ ՎԲ-133/07 որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանը մեկնաբանում է, թե ի՞նչ է նշանակում քրեական գործ հարուցելու առիթ: Մասնավորապես, որոշման մեջ ասվում է, որ «Հանցագործության մասին հաղորդումը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդումն իրականացնող մարմնին՝ կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող, նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն: Քրեական գործի առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը»:

ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննության բաժանմունքում փորձում էի ներկայացնել 2 քրեական գործ հարուցելու առիթ: Ըստ դրանցից մեկի՝ ԵՊՀ նախկին աշխատակիցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ տեսանյութի միջոցով, դիմելով ռեկտորին հայտարարում է, որ տեղյակ է համալսարանում իրականացվող թալանի մասին, ավելին, գիտի, որ գոյություն ունի թալանչիների թիմ և անգամ որոշ անուններ է հնչեցնում: Մյուս դեպքում, ԵՊՀ պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը «Առավոտ» թերթի լրագրողի հետ զրուցելիս, խոսում է «ահուսարսափի և վախի» մթնոլորտի մասին, որը, ըստ իրեն, տիրում է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում: Ավելին, Մանասյանն ուղիղ մատնացույց է անում «ահուսարսափի և վախի» մթնոլորտի հեղինակին, կոնկրետ նշելով նրա անունը և ազգանունը: Այսինքն, ունենք դեպքեր, որոնցում կան ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության տարրեր պարունակող հաղորդումներ, որոնց հեղինակների և գործող անձանց իսկությունը հայտնի է: Հայտնի է նաև, թե ինչ հանցագործությունների մասին են խոսում հաղորդում տվողները, բացի դա նրանք շատ որոշակի ասում են, թե ովքեր են հանցագործություններ իրականացնողները: Մի խոսքով, կա շատ որոշակի հանցագործության տարրեր պարունակող, նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն, որը պետք է դիտվի որպես քրեական գործ հարուցելու առիթ: Ավելի կոնկրետ հաղորդում անձամբ ես պատկերացնել դժվարանում եմ, քանի որ կա տեղեկատվություն հանցագործության, դրա կատարողների, ձևի, բովանդակության և անգամ վայրի մասին: Ոստիկանությանը մնում է միայն իրականացնել օրենսդրությամբ սահմանված գործառույթները և իրավական գնահատական տալ: Պարզվում է, որ ոստիկանությունը դա էլ չի անում: Ընդ որում, իր անգործությունը պատճառաբանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.07.2007 թիվ ՎԲ-133/07 որոշմամբ, որի ամենատարրական վերլուծությունից երևում է, որ մատնանշած դեպքերը՝ հանցագործության մասին արված հաղորդումներ են, որոնք միանշանակ պետք է հանդիսանան քրեական գործ հարուցելու առիթներ: Բացի այդ, քննարկվող դեպքերում, ոստիկանության հետաքննիչներն անգամ բացատրություն չեն վերցրել հանցագործության մասին հաղորդում տված անձանցից: Ըստ հետաքննիչներից մեկի, նա մի քանի անգամ զանգահարել է հանցագործության մասին հաղորդում տված անձին, սակայն նրա հեռախոսազանգերն անպատասխան են մնացել, իսկ մյուս դեպքում անգամ զանգահարելու փորձ էլ չի եղել: Ստացվում է, որ երկու ենթադրյալ հանցագործության մասին շատ որոշակի տեղեկատվությանը որևէ պատշաճ ընթացք չտրվեց, հետևաբար այդպես էլ չհասկացվեց կատարվե՞լ է հանցագործություն, թե ոչ: Այ այստեղ է խնդիրը, որը կցանկանայի հասցնել ՀՀ Ոստիկանությանը: Ես նկարագրեցի ընդամենը 2 դեպք, սակայն վստահ եմ, որ նմանատիպ դեպքերը շատ են: Կարծում եմ, որ այնպես ինչպես այս դեպքերում, ոստիկանությունն անգործություն ցուցաբերելիս, հիմնվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.07.2007 թիվ ՎԲ-133/07 որոշման վրա, այն մեկնաբանելով այնպես, ինչպես իրեն է հարմար, մոռանալով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա ինչպես նաեւ այն, որ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության: Այլ կերպ լինել չի կարող:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031