«Մարտի մեկի զոհերի թվում կար զինվորական, որի մայրը դիահերձարանում որդուն չէր ճանաչել, որովհետեւ մարմինն այնպես է այտուցված եղել…այն ժամանակ ես ասացի, որ այդ հարվածը հատուկ զենքով է հասցվել, որն Ազգային անվտանգությունում է պահվում: Դա գերհզոր զենք է, որը կարող էր կրակել թունավոր փամփուշտներ, ընդ որում՝ անձայն»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Մարտի մեկի գործին, հայտարարեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը:
«Ո՞վ էր հանել այդ խիստ գաղտնի զենքը եւ ո՞վ կրակ արձակել: Դա հաստատ ընդդիմությունը չէր, դա իշխանությունն արեց: Զինվորին սպանել են այնպես, որ մայրը որդուն չճանաչի: Ի՞նչ էին ուզում դրանով ասել: Գորիկը չկա, որ հարցեր ուղղես, բայց Սերժ Սարգսյանը կա…»,-հարցադրումներ արեց Գուրգեն Եղիազարյանը: Նա իրավապահ մարմիններին նաեւ կոչ արեց հարցաքննել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին, որ Մարտի մեկի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահն էր:
«Նա որոշակի նյութերի է տիրապետում: Նա տեսել է բաներ, որոնք չպետք է տեսներ: Դրա համար նա ԱԺ խոսնակ դարձավ: Պատասխանատուներից մեկն էլ նա է, որ չի բացահայտվել Մարտի 1-ը: Ասում էր՝ «թողեք նախաքննությունն իրականանա»: Հիմա ասում եմ՝ Սամվել Նիկոյան, բա տասը տարի՝ ընթանում է»,-նկատեց Գուրգեն Եղիազարյանը: Նա համոզված է, որ իրավապահները կարծես թե սկսել են լուրջ զբաղվել Մարտի մեկի գործի բացահայտմամբ: Գուրգեն Եղիազարյանը նաեւ ընդգծեց, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետեւանքով. «Ցուցարարներին դիմահար սպանելու հրաման է տրվել: Այդպես հնարավոր էր խոցել միայն դիմահար հարվածով: Պարզեք՝ ովքե՞ր են նրանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ