Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն նորից առաջ է տանում «լավրովյան պլանը», որի իրականացումից Հայաստանը խուսափել էր «Սասնա ծռերի» ընդվզման արդյունքում

Հուլիս 19,2018 15:30

ԱԱԽ աշխատակազմի նախկին աշխատակից, քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արա Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ազատվել կառավարությունում սորոսականներից եւ վերջ դնել բանակում անհարկի միջամտություններին

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Բրյուսել շատ քննարկվեց դեռ մինչեւ մեկնելը: Այցի արդյունքներով արդեն ի՞նչ հետեւություններ կարող ենք անել: Ո՞ւմ եւ ի՞նչ տվեց այդ ճանաչողական այցը:

– Սպասվում էր, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել Հայաստանի համար առանցքային աշխարհաքաղաքական կենտրոնների հավասարման մեջ որոշակի հավասարակշռություն կմտցներ` Հայաստանի նոր իշխանություններին ապահովելով Արևմուտքի քաղաքական աջակցությունը դրա տարբեր դրսևորումներով` դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական և այլն: Այնինչ առաջին այցը կարծես թե վկայեց Արևմուտքի հետ հարաբերություններում ավելի շատ առկա անորոշությունների, քան հարաբերությունները որակական նոր փուլ տեղափոխելուն ակնկալվող քաղաքական խորհրդատվությունների մեկնարկի մասին:

– Այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում էր, Հայաստանի ռազմավարական համարվող գործընկերոջ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներում եւս բուռն քննարկումներ էին ընթանում եւ հարցադրումներ էին ներկայացվում Հայաստանին, հստակություն էին պահանջում: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– ՀՀ աշխարհաքաղաքական մյուս առանցքային գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ հեղափոխությունից հետո մեր հարաբերությունները ևս մտել են անորոշությունների փուլ: Մի կողմից՝ ձև է արվում, թե մեր ռազմավարական գործակցության մեջ ոչինչ չի փոխվել, մյուս կողմից՝ ՌԴ-ն փաստացի դադարեցնում է ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, իսկ ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում նորից առաջ է քաշում Արցախյան հակամարտության լուծման փուլային կամ լավրովյան իբր թե արդեն բոլոր կողմերի հետ համաձայնեցված տարբերակը (մենք տարածքներ ենք հանձնում Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց, որը ռազմական տեսակետից խիստ վտանգավոր է, քանի որ երկարելու է Ադրբեջանի հետ սահմանը, ու մենք զրկվելու ենք արդեն լավ կահավորված ու պաշտպանված գծերից), որի չընդունման դեպքում, Պատրուշևի ներկայացմամբ, Հայաստանին սպասվում է պատերազմ: Փաստորեն մեր ռազմավարական դաշնակիցը նորից առաջ է տանում իր հին օրակարգը, որի իրականացումից հաջողվել էր խուսափել «Սասնա ծռերի» հայտնի ընդվզման արդյունքում:

– Ի՞նչ պետք է անի Հայաստանի նոր իշխանությունը, որո՞նք պետք է լինեն թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած գործիչների առաջնահերթությունները:

– Ռուսաստանի մեր գործընկերների հետ անհրաժեշտ է ծավալել լուրջ դիվանագիտական աշխատանք` հստակեցնելով փոխադարձ շահերն ու պարտավորությունները, նախանշելով համագործակցության ուղղությունները: Կարևոր է, որ այժմ այդ աշխատանքն իրականացնեն ռուսական կողմի հետ ճիշտ բանակցելու ունակ անձինք: Ռուսաստանին հարկ է շատ պարզ բացատրել, որ Լավրովի պլանի իրականացումը Հայաստանում առաջացնելու է հակառուսական տրամադրություններ, իսկ պատերազմում հայկական կողմի կորուստների դեպքում անդառնալիորեն կթուլանան Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:

Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի սրման միտումներն ակնհայտ են, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունները` անորոշ: Հայաստանի նոր իշխանություններն այս պայմաններում, նույնիսկ պատերազմի վերսկսման հավանականությունից անկախ, պարտավոր են բանակը, պետությունը և հասարակությանը պատրաստել պատերազմի, իսկ այդ գործընթացի քաղաքական, իրավական և կազմակերպչական քայլերի ամբողջ շղթան վաղուց մշակված է տարբեր օրենքների, որոշումների և ծրագրերի միջոցով:

Ռազմաքաղաքական լարված իրավիճակի մասին է խոսել հուլիսի 15-ին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է պատրաստ լինենք հակահարված տալու: ՀՀ վարչապետը ճիշտ գնահատականներ է տվել իրավիճակին, բայց դրանց պետք է հետևեն փոփոխություններ տարվող քաղաքականության և կադրային հարցերում: Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ է, որ զերծ մնան պետական տարատեսակ պաշտոնյաների կողմից դրսևորվող ագրեսիվ-պացիֆիստական կեցվածքներից և բանակի հեղինակությունը ստվերող հայտարարություններից ու գործելաոճից: Պատերազմը համազգային ճիգ է, որն իշխանությունից պահանջելու է բոլոր ուժերի գերլարում և վճռական քաղաքական առաջնորդություն, իսկ սորոսականներն ակնհայտ պատճառներով ուղղակի բալաստ են կառավարության հաշվեկշռում, և նրանցից օր առաջ պետք է իշխանությունն ազատվի: Որպեսզի բանակը հաջողությամբ կատարի իր առաքելությունը, անհրաժեշտ է շարունակել վերջինիս արդիականացումը, զինել հայկական օդուժը կործանիչներով, վերջ տալ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով բանակում միջամտություններին (նոր իրողություններում բանակն ինքնուրույն կարող է պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ), ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ծավալել ակտիվ քաղաքական-դիվանագիտական աշխատանք` մոբիլիզացնելով նաև Սփյուռքի ուժերը հնարավոր պատերազմից առաջ և դրա ընթացքում քաղաքական մեկուսացումից խուսափելու նպատակով:

Հարկ է նշել նաև, որ արտաքին հանգամանքներից անկախ` պատերազմի արդյունքների գլխավոր պատասխանատուն տվյալ պահի իշխանությունն է, և ինչպես հաղթանակը, այնպես էլ ձախողումն ուղղակիորեն վերագրվելու են նրան։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031