Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ դա կհանգեցնի Իլհամ Ալիևի իշխանության տապալման: Կլինեն ԸՕ-ի միայն կոսմետիկ փոփոխություններ». Արմեն Վարդանյան

Հուլիս 19,2018 12:47

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանում Ընտրական օրենսգրքի միայն կոսմետիկ փոփոխություններ կլինեն:

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ամփոփիչ զեկույցը, որում երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում վերանայել ընտրական օրենսգիրքը մինչև հաջորդ ընտրություններ:

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց՝ կոսմետիկ փոփոխություններից բացի այլ բան սպասել պետք չէ, քանի որ Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ դա կհանգեցնի Իլհամ Ալիևի իշխանության տապալման. «Որոշակի կոսմետիկ փոփոխություններ հնարավոր են, բայց Ադրբեջանում ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություն ես չեմ կարծում, որ տեղի ունենա»:

Պարոն Վարդանյանը փաստեց՝ Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմությունն արդեն որերորդ անգամ բոյկոտում է համապետական ընտրությունները: Այդպես եղավ 2015թ. խորհրդարանական և ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, քանի որ Ադրբեջանի ընդդիմության կարծիքով այդ ընտրությունները ձևական բնույթ են կրում:  Նախագահական ընտրություններին Իլհամ Ալիևը «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» սկզբունքով 86 % ձայն հավաքեց, իսկ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, որի ժամանակ ամեն ընտրական օկրուգից անցնում է որևէ օլիգարխ կամ իշխանության այլ ներկայացուցիչ, և արդյունքում ստացվում է այնպես, որ ընդդիմությունը չի կարողանում ներկայացվածություն ունենալ խորհրդարանում և հակակշիռ դառնալ իշխանությանը: Կրկին անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ պարոն Վարդանյանը նշեց. «Փոփոխություններն այնպես չեն լինի, ինչպես մեզ մոտ, որ համընդհանուր կոնսենսուս լինի: Ամեն դեպքում ընդդիմությունը դժգոհ կմնա այդ փոփոխություններից»:

Մեր հարցին` ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներին ադրբեջանական հանրությունը դրական արձագանք տվեց, ուստի հնարավո՞ր է նման զարգացումներ տեղի ունենան նաև Ադրբեջանում, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Բռնապետական ռեժիմներում վաղ թե ուշ գալիս է այդ պահը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այնտեղ էլ լուրջ դժգոհություն կա իշխանությունից, և իշխանությունն ամեն կերպ փորձում է ճնշել այդ զանգվածին»:

Անդրադառնալով Գյանջայում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Արմեն Վարդանյանն ասաց. «Գյանջայի քաղաքապետն Ալիևի մերձավոր ընկերն է: Միայն իշխանության կողմից կոշտ կերպով այդ հուզումները ճնշելը հանգեցրեց նրան, որ այդ խնդիրը լուծվեց իշխանության համար բարենպաստ կերպով: Նրանք, վախենալով, նույնը Սումգայիթում արեցին, իհարկե, դա ուներ ավելի կանխարգելիչ բնույթ, քանի որ այդտեղ, ի տարբերություն Գյանջայի, ժողովուրդը դուրս չէր եկել փողոց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031