«Երևան» հիմնադրամի գործով կհարցաքննվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ հիմնադրամի մասով ստուգումները արդեն ավարտական փուլում են, պարզապես գործը մեծ ծավալ ունի: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի:
Հարցին, թե նախկին քաղաքապետի անձնական բիզնեսներում ստուգումներ իրականացվո՞ւմ են, Վանեցյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ իրենք չեն հայտնաբերել: «Ունեցվածքի գծով, որով մամուլի հրապարակումներ եղել են, վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդականն այդ նյութերը ներկայացրել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,- հավելեց նա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ