Կառավարության այսօրվա նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ ցանկություն ունի դառնալու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բայց դեռևս վերջնական որոշում չի կայացրել. «Պատրաստ եմ իմ թեկնածությունն առաջադրել միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ֆեդերացիայի նախագահ»:
Վանեցյանի խոսքով՝ եթե ակումբները կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և որպես թեկնածու կտեսնեն իրեն, մեծ սիրով կընդունի առաջարկը:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս ընթացքում մեկ անգամ հանդիպել է ֆեդերացիայի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բայց չպատասխանեց հարցին, թե ինչ է տեղի ունեցել, որ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է հրաժարական տալ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես եղավ, որ իր պաշտոնը վայր դնել չցանկացող ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանկարծ հայտարարեց, որ պատրաստ է այն զիջել, Արթուր Վանեցյանն հորդորեց հարցը տալ հենց Հայրապետյանին:
Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը վայր կդնի սեպտեմբերին եւ դա, ըստ Վանեցյանի, կապված է ՀՖՖ կարգավիճակի փոփոխության հետ. «Որքանով տեղեկացված եմ, ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, կարգավիճակն է հստակեցվում՝ իրավաբանական անձանց միությունից այն դառնում է հասարակական կազմակերպություն: ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ կապված ժամկետներ կան, որից հետո կկայանան նախագահի նոր ընտրություններ, դա սեպտեմբերի 10-15 ժամանակահատվածում է»:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ԱԱԾ կողմից ստուգումներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից ու անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ օրինախախտումների մասին, իրականացնելու ենք համապատասխան գործողություններ»: Իսկ հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը համաձայնել է վայր դնել ՀՖՖ նախագահի պաշտոնը` միայն թե ԱԱԾ-ն ստուգումներ չիրականացնի, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ «Չի կարող լինել այդպիսի բան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ