Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի ու Փաշինյանի նոր ուղերձն աշխարհին

Հուլիս 19,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Բանակցային գործընթացն այլընտրանք չունի»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցն անշուշտ կարեւոր էր արտաքին քաղաքականության ուղղությամբ Հայաստանի նոր կառավարության համար դրսեւորվելու եւ ուղերձները տեղ հասցնելու տեսանկյունից:

Նախ` Փաշինյանի այցը կարեւոր էր ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք կարեւորել էին ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում: Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, եւ հավելել էր, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ։

Բրյուսելյան հարթակը նշանավորվեց նաեւ հուլիսի 11-ին Մնացականյան-Մամեդյարով առաջին պաշտոնական հանդիպմամբ՝ Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո: Նրանց հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ Զոհրաբ Մնացականյանը ընդգծել էր ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո խաղաղության գործընթացի կարեւորությունն ու բանակցային դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ եւ միտված էր միմյանց տեսակետների հետ ծանոթացմանը` ասված է հաղորդագրությունում: Մնացականյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացն այլընտրանք չունի, եւ այս համատեքստում կարեւորել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը, փոխվստահության ամրապնդումը, լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաեւ շեշտել էր, որ հակամարտության բոլոր կողմերի իրատեսական ու կառուցողական ներգրավվածությունն առաջնային նշանակություն ունի տեւական խաղաղության հասնելու ջանքերի արդյունավետության համար:

Համանախագահները ԱԳ նախարարներին էին ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերը: Թե որոնք են հետագա քայլերը՝ առայժմ հստակ չէ, գոնե բարձր մակարդակով հանդիպման մասին առայժմ խոսք չի գնում:

Խուսափել սադրիչ հռետորաբանությունից. Մինսկի խմբի կոշտ արձագանքը

Հուլիսի 11-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում անդրադարձ եղավ Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային՝ մեկ պարբերությամբ: ՆԱՏՕ-ի գնահատականները պահպանվել էին. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների իրավունքը՝ անկախ եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցում՝ ազատ մնալով արտաքին ճնշումներից եւ հարկադրանքից։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ չափանիշներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։

Իսկ հուլիսի 12-ին արդեն համանախագահները հայտարարություն տարածեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով, որում կարեւոր, հայկական կողմի համար, կարելի է ասել, բավական սպասելի ձեւակերպում էին ներառել՝ «հակամարտության գոտում լարվածության թուլացման եւ սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը»: Թեեւ ուղիղ Բաքուն չէր մատնանշվում, բայց, այնուամենայնիվ, պարզ է, որ խոսքը Ադրբեջանի «սադրիչ հռետորաբանությանն» է վերաբերում: Ըստ համանախագահների` ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առկա իրադրության շուրջ, քննարկել հետագա քայլերը: Միջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցել կողմերին հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծումը գտնելու հարցում, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման վրա: «Նախարարները համաձայնեցին համանախագահների հովանու ներքո մոտ ապագայում կրկին հանդիպել»,- նշվեց հայտարարության մեջ:

«Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է»

Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել նշանավորվեց մի ուղերձով, որը միջազգային հանրության համար պետք է որ մտորելու առիթ դառնա: «Ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաեւ հարձակում է ժողովրդավարության դեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցում՝ Հայաստանի մարտահրավերներից մատնանշելով Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ «Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման եւ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, եւ այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաեւ ագրեսիա է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,- ասել էր Փաշինյանը:

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանը Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաեւ հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, եւ որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան»,- շեշտել էր Փաշինյանը՝ հավելելով. «Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից»:

Երեւանը վերահաստատեց ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացումը

Ղարաբաղյան թեման արծարծվեց նաեւ ՆԱՏՕ-ում Աֆղանստանում «Վճռական աջակցության առաքելությանը» նպաստող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթում: Նա նախ նշեց, որ խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար. այդպիսին են նաեւ ժողովրդավարությունն ու ազատ շուկայական տնտեսությունը, եւ փաստեց, որ Հայաստանը վերջերս ձեռնամուխ է եղել կտրուկ փոփոխությունների՝ իր ժողովրդավարական ապագան կերտելու նպատակով:

«Որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով՝ Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին: Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում եւ բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետեւաբար մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարեւոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել ներգրավվածությունը «Վճռական աջակցություն առաքելության» շրջանակներում: «Մենք նաեւ հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Կայուն գործընկերության առաքելությանը», երբ այն գա փոխարինելու «Կայուն աջակցություն առաքելությանը»:

Գալով արդեն Ղարաբաղյան խնդրին՝ միջազգային հանրությանն ուղղված Փաշինյանի ուղերձն այսպիսին էր. «ՆԱՏՕ-ն մշտապես եւ հետեւողականորեն հայտարարել է, որ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի: Այնուամենայնիվ, քանի որ հարցն արդեն բարձրացվել է, ես կցանկանայի հակիրճ մեկնաբանել եւ շտկումներ մտցնել արված հայտարարության համատեքստում: Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ:

Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին: Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»:

Այսպիսով, Փաշինյանի բրյուսելյան ուղերձը Ղարաբաղյան կարգավորման թեմայով ոչ միայն նոր էր ձեւակերպման առումով, երբ նա շեշտեց, որ «Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է», այլեւ այն առումով, որ պաշտոնական Երեւանը արձանագրեց, որ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների շարունակմանը, ավելին՝ նախկին պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Սա նշանակում է, որ պաշտոնական Երեւանն առաջիկայում շարունակելու է պնդել ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մի բան, որը, մեղմ ասած, խիստ տհաճություն է պատճառում պաշտոնական Բաքվին:

Սկիզբը՝ այստեղ:

Ամփոփումը՝ հուլիսի 19-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 18.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031