«Իմ 73-ամյա հայրը մասնակցում էր հեղափոխական ցույցերին: Ես ուզում եմ հավատալ, որ մեր կյանքն իսկապես դեպի լավն է փոխվելու»,- ասում է ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը:
Ի՞նչ կատարվեց, ի՞նչ էր ու ի՞նչ տվեց այս հեղափոխությունը: «Դա մեզ համար մեծ հաղթանակ է, որովհետեւ նախ՝ հաստատում է՝ հայ հասարակությունն այլեւս հետքայլ չի անի, հետընթաց չունի: Այսօր ունենք քաղաքացիական հասարակություն, որը հասկացել է՝ կարող է պաշտպանել իր շահերն ու իրավունքները»:
Մարդկանց այնքան լավ հասկացող գրողը զարմանում է հակահեղափոխականների վրա. «Ես ակտիվ եմ բլոգում, սոցցանցերում, եւ ես տեսնում եմ, որ մարդիկ, որոնք ջանասիրաբար սատարում էին նախկին իշխանությանը, ռեժիմին, նրանք հիմա էլ շարունակում են որոշ հարթակներում գրառումներ կատարել, մեկնաբանություններ թողնել: Ինձ համար զարմանալի է, որ նրանք չեն հասկացել՝ իրենց ժամանակն անցել է: Եվ այս իրավիճակում հարկավոր է հասկանալ եւ աջակցել այն մարդկանց, որոնք իսկապես ցանկանում են փոխել մեր կյանքը դեպի լավը, մարդկանց, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ, օլիգոպոլիայի դեմ, այն կոռուպցիայի, որը մեր հասարակության բոլոր ոլորտներում է՝ սկսած եկեղեցուց, վերջացած դպրոցներով»:
Ինչո՞ւ են հակահեղափոխական: Նարինե Աբգարյանն ասում է՝ առողջ հասարակությունում ցանկացած կարծիք պետք է լինի. «Եթե նրանց այդպես է դուր գալիս… խնդրեմ, շարունակեք այդ քարոզչությունը: Բայց ինձ թվում է, որ նրանք դա անում են նախ՝ շահից, հետո՝ վախից: Կան մարդիկ, որոնք իսկապես շատ խորը կապեր ունեն նախկին իշխանության հետ եւ բնականաբար վախենում են, որ մի օր իրենց հետեւից են գնալու, ե՛ւ ծախու բլոգերները, որոնք փողով նյութեր էին գրում, գրառումներն անում, ե՛ւ չինովնիկների բարեկամները, ե՛ւ այլոք: Բնական է, գուցե նրանց համար սարսափելի է, չգիտեմ… Ես դա չեմ հասկանում, կա՛մ լռիր, կա՛մ օգնիր ու գործ արա»:
Դառնալով տարիներով արմատացած կոռուպցիային՝ գրողը նկատում է. «Անշուշտ, սրան վերջ պետք է դրվի, եւ դա յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի իրավունքն ու պարտականությունն է: Հիմա յուրաքանչյուր մարդ կանգնած է ընտրության առջեւ՝ ցանկանո՞ւմ է ունենալ հզոր, ինքնաբավ եւ իմաստուն երկիր, թե՞ ցանկանում է, ասենք, 50 տարի անց երկրում ոչ ոք չմնա: Սա է պատճառը, որ ես մեծ հաճույքով աջակցում եմ հեղափոխությանն ու իշխանությանը»:
Նարինե Աբգարյանն ասում է՝ նկատել է՝ հեղափոխությունից եւ իշխանափոխությունից կարճ ժամանակ անց շատերն ուզում են, որ արագ փոփոխություններ լինեն, ինքն էլ այդպես կուզեր: Ասում է՝ կան հիասթափվողներ, բայց պետք չէ. «Նրանց ժամանակ է պետք, քանի որ իշխանության են եկել մարդիկ, որոնք, ըստ էության, պատրաստ չէին դրան, եւ նրանք պետք է զրոյից սկսեն սովորել կառավարել: Նրանց ժամանակ է հարկավոր, մեզ՝ մի քիչ համբերատարություն եւ հասկանալ նրանց: Ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի»:
Նկատվո՞ւմ է բավարար մարդկային ռեսուրս, հնարավորություն եւ կամք կոռուպցիայի դեմ պայքարում: Գրողն ասում է՝ շատ է ուզում, որ այդպես լինի, որ քաղաքական կամքն ու հնարավորությունը բավարարեն վերացնելու արատավոր բարքերը պետական համակարգում. «Բոլոր ոլորտներում ազնիվ մարդիկ կան: Իմ քրոջ ամուսինը զինվորական է: Դուք չեք պատկերացնի, թե քանի անգամ է նա ցանկացել դուրս գալ աշխատանքից, թողնել ծառայությունը, որովհետեւ նա ականատես էր լինում, թե ինչ էր կատարվում այնտեղ: Ես իր հետ խոսել եմ, նա ասում է՝ «Նար, հիմա մեզ մոտ կոռուպցիա չկա, անգամ կոռուպցիա բառը չկա»: Նա ինձ ասում է՝ «դու չես պատկերացնի, այնքան վառելիք կա, որ չգիտենք ինչ անել: Նախկինում քանի հարյուր լիտրերով «լեւի» էր գնում: Հիմա չեն գողանում: Ես հիմա ամեն օր հաճույքով եմ աշխատանքի գնում ու իմ աշխատանքից հաճույք եմ ստանում, բավականություն ստանում, որովհետեւ ես աշխատում ու ծառայում եմ իմ հայրենիքի համար, այլ ոչ թե ինչ-որ կոռումպացվածի համար, որը բանակի փողերը գողանում էր»: Գիտեք, սա ինձ շատ է ոգեւորում եւ ուրախացնում: Զինվորական իմ փեսան իսկական սպա է, եւ երբ նման մարդիկ ինձ այսպիսի բաներ են պատմում, դա ինձ թեւեր է տալիս»:
Թավշյա հեղափոխության մասին Նարինե Աբգարյանը դժվար թե գիրք գրի, բայց. «Ես կուզենայի Հայաստանի մասին երջանիկ մի բան գրել. «если доживу»՝ այդ մասին կգրեմ, եւ դա կլինի ուրախ, հումորով ստեղծագործություն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
18.07.2018
Ինքս ոչ նախկին, ոչ էլ ներկա հանրապետական եմ ու կարծիք ձևավորելիս որևէ ուղղությունից ոչ վախենում եմ, ոչ էլ շահ ունեմ, ավելին՝ թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից եմ եղել: Սա նախերգանք. Ինչ վերաբերում է համբերատար սպասելուն ու սատարելուն. մի՞թե 2 ամսվա մեջ մանկասպանության 4 դեպքը, մի 4 տարի հետո ահռելի թիվ չի դառնա: Ինչու՞ մանկասպանություն, որովհետև այդ մանկիկներից և ոչ մեկը, ցիտում եմ մեր այժմյան նախարարի լեքսիկոնից՝ փոքրիկ դագաղներում պառկելու նախադրյալներ չուներ: Էսպես ստացվում է ի՞նչ, մենք մեր հողի վրա բնաջինջ ենք լինու՞մ: