Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի պարոն Փաշինյան, Դուք երբ եկաք ձերբակալվածների պահման վայր, անձամբ այցելեցիք իմ խուց»

Հուլիս 19,2018 13:30

51-ամյա Մանուկ Հովիկյանը երկու ամիս առաջ դիմել է նոր կառավարությանը՝ իր իրավունքների խախտման համար: Նրան պատասխանել են կառավարության էլեկտրոնային փոստով, տեղեկացրել են, որ դիմումը ստացվել է, ընթացքի մեջ է: Բայց քաղաքացին, երբ զանգում է իրեն տրամադրված հեռախոսահամարով, այնտեղից պատասխան չի ստանում:
Մանուկի մասին «Առավոտը» գրել է 2009թ. փետրվարի 20-ին:

Զենքի ապօրինի ձեռքբերման համար նախկինում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված, պատիժը ՌԴ Վետլակում մարած Մանուկին գիտեն երկրորդ մականմամբ՝ «Մանուկ Երեւանսկի»: Ի դեպ, նրա պատժաչափն ութ տարով ավելացրել էին՝ «բանտային բունտեր» կազմակերպելու համար:

«Ընկերներս մահացել են եւ չեմ կարող ապացուցել, թե ոնց եմ գյուլլի բերան գնացել, վրացիների հետ կռիվ տվել, Հայաստան բենզին ու զենք բերել: Կարող եմ ընկերներիս գերեզմանի տեղերն էլ ցույց տալ: Այսօրվա դրությամբ ով չկա, դարձրել են կինո, իսկ մեր նմանները, ովքեր ապրում են, իրականում բացակա են: Մենք մնացել ենք ճամփեզրին»,-մեր զրույցի ժամանակ ասել էր Մանուկը:
Նա տասը տարի առաջ վերադարձել է Հայաստան, նրա գրանցման վայրը «Իսրայելյան 41» հասցեն է, այսինքն ՝ ՀՀ ոստիկանությունը:
Այդ ժամանակ էլ դիմել էր ՀՀ նախագահին, վարչապետին, որ զրկվել է իրեն պատկանող սեփականությունից, պապական տնից, բայց ապարդյուն:
Մանուկն «Առավոտում» է կրկին, եւ տեղեկացրեց, որ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ազգային ժողովի նախկին պատգամավորին Մանուկը հիշեցրել է, որ հանդիպել են իր խցում, 2013 թվականին: Այդ ժամանակ էլ նախկին դատապարտյալը ներկայացրել էր իր պահանջները. «Տասնամյակներ շարունակ իմ պապը՝ տեր Մանուկ Հովիկյանը, 1915թ. Արեւմտյան Հայաստանից գաղթած, ապա հայրս, ես օգտագործել ենք որպես սեփական գույք, վճարել նախատեսված պետական հարկերը, հաշվառված ենք եղել այդ հասցեում, որպես սեփականատեր»:
Ի դեպ, երբ Մանուկը դիմել էր դատարան, առաջին ատյանի դատարանը նրան «մեղադրեց», որ չի ներկայացրել «վերաբերելի», «թույլատրելի» ապացույցներ, որով կհաստատվեր, թե նրա պապն իր ընտանիքով բնակվել է նշված հասցեում:


Մինչդեռ, դատարան էր ներկայացվել վկաների վկայությունները, արխիվային տեղեկանք, որտեղ հստակ երեւում էր, որ դեռ անցյալ դարի քառասունականներից, ԽՍՀՄ քաղաքացիություն ստացածների ցուցակում գրանցված Հովիկյան Ազնիվ Մարտիրոսի բնակվել է Ռուսաթավելի 5, իսկ պապը՝ Հովիկյան Միհրան Մանուկի, բնակվել է Չկալովի 5 հասցեում՝ Կոնդ թաղամասում:
Մանուկը ձերբակալված է եղել, իսկ հայրը այդ ժամանակ գտնվել է ՌԴ-ում, այդ պատճառով նրանք չեն կարողացել պաշտպանել իրենց խախտված իրավունքները: Հայրը վերադարձել է ավելի վաղ, տեսել իր սեփական գույքն իրեն չի պատկանում: Դիմել է տարբեր ատյաններ, դարձյալ անօգուտ: Մանուկն էլ եկած օրվանից փորձում է իր սեփականությունը վերականգնել:


«Պահանջում եմ ֆինանսական փոխհատուցում, ինձ հասցրած 2008թ. մարտի 1-ի եւ 2013 թ. նոյեմբերի 5-ի համար, քանի որ տասը տարուց ավելի է, ինձ բնակարան չի տրվել, անգամ ժամանակավոր կացարան որեւէ կառույցի կողմից»,- վարչապետին ուղղված դիմումում գրել է Մանուկը: Մանուկը մարտի 1-ի դեպքերի օրը ծեծվել էր «Մետրոպոլ» հյուրանոցում, այդ մասին իմ առաջին հանդիպման ժամանակ պատմել էր նա, ինչի մասին գրվել էր «Առավոտում», քաղաքացիական հագուստով քրեականի աշխատակիցները մոտեցել, նրան տարել էին հյուրանոց: «Զեկերը ցուցմունք էին տվել, թե իբր մասնակցել եմ դեպքերին», -ասում է Մանուկը, որը համարում է, որ ունի միակ սեփականաշնորհված տարածք եւ դա հայրական գերեզմանն է Շահումյանում:
«Չունեմ աշխատանք, հանդիսանում եմ երրորդ կարգի հաշմանդամ, չունեմ բնակության վայր»,- ասում է հիվանդության համար 24 000 դրամ ստացող Մանուկը, որը դեռ վարձով է մնում, իր նոր կազմած ընտանիքն էլ մեծ դժվարությունների մեջ է: Մայրն էլ գտնվում է վատառողջ վիճակում, արտերկրում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Մանուկի նմանները շատ են: Ռուսաստան մեկնած մի հիվանդ կնոջ գործ գտնվում է դատարանում: Նա էլ վերադարձել էր Հայաստան, տեսել իր սեփական բնակարանը թաղապետարանը նվիրել է իր աշխատակցին, իսկ հանձնարարականն էլ տրվել էր աշխատակցի հորը: Կարդացեք նաեւ վաղվա «Առավոտում»:

«Առավոտ»

18.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031