Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռագործ» դդումները՝ մերօրյա կերպարներով

Հուլիս 19,2018 12:30

«Նարեկացի» արվեստի միությունում հայկական ավանդական երգ ու պարով մեկնարկեց կիրառական արվեստի մի ինքնատիպ ճյուղի՝ դդմարվեստի ցուցադրությունը: Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում ապրող ու ստեղծագործող երիտասարդ նկարչուհի, դիզայներ Հերիքնազ Խաչիկյանը, ով դեռ վաղ տարիքից իրենց այգում աճեցված դդմիկների վրա ասեղնագործում, գոբելենագործում, փորագրում, կարպետագործում եւ նկարազարդում է, իր աշխատանքները ներկայացրեց «Հայկական պար» խորագիրը կրող ցուցահանդեսին: ՆԱՄ-ի ցուցասրահում էին հայտնվել Հերիքնազի «ձեռագործ» դդումները՝ հայկական հին ու բարի հեքիաթների կերպարներով եւ անգամ մերօրյա՝ սիրո եւ թավշյա հեղափոխության խորհրդանիշ համարվող, «դուխով» վերտառությամբ գլխարկով, մորուքով առաջնորդի կերպարով:

«Ձեր աշխատանքների գույները, պատկերները հեքիաթային մի աշխարհ են ստեղծել մեզ մոտ»,- Հերիքնազի կերտած հայկական գունեղ կերպարներին նայելով՝ ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Դդմիկների տիրուհու խոսքերով՝ կիրառական արվեստի ու կերպարվեստի շատ ճյուղեր է փորձում կիրառել դդմիկների վրա, վերջերս նաեւ Մարաշի ասեղնագործության նախշերն է պատկերել դդումի վրա։ Ամեն ինչ սկսվեց տատիկի պատմությունից այն մասին, որ երբ իրենց նախնիները Արեւմտյան Հայաստանից՝ Բագարանից, գաղթել են Երվանդաշատ, կիրառական ինչ-որ տարաներ չեն ունեցել, եւ դդումները կիրառելի են դարձրել. տակից ծակել են, ցորեն, բրինձ, չրեր եւ այլ մթերքներ են պահել դրանց մեջ: Ու Հերիքնազը որոշեց հայրենի գյուղի՝ Երվանդաշատի իրենց տնամերձ այգում դդումներ ցանել։ Սկզբնական շրջանում դժվար էր աճեցնելը, հատուկ խնամք էր պահանջվում: Ամեն մի թուփը հոգածությամբ խնամելով՝ նա գտավ դդմիկներ աճեցնելու գաղտնիքը: Տարիների ընթացքում դդումները շատացան, հետո տանձանման դդումներ ձեռք բերեց, ապա՝ սնկանման: Այժմ հիմնականում մի տեսակի դդմիկի վրա է աշխատում, որը կոչվում է կուռմադդում կամ շշադդում:

Շատերին է դդմի սերմեր տալիս, բայց այլոց մոտ չի ստացվում բերք ստանալ, գաղտնիքը մեկն է՝ սիրով աճեցնել: Հերիքնազն առանձնահատուկ խնամքով Կոմիտասի երաժշտությունն է միացնում, հաճախ խոսում դդմիկների հետ եւ ծնողների օգնությամբ աճեցնում, չորացնում, մշակում, ձեւավորում եւ ստեղծագործում է դրանց վրա: Այս գործում համբերություն է պետք: Դդումները աճում են մոտավորապես 7-8 ամիս, պետք է լավ հասունանան: Քաղելուց հետո որոշ ժամանակ մնում են դրսում, հետո բարձրացնում են տանիք, կախում, մի մասը պահում տանը, որ շուտ չորանա: Երբ Հերիքնազը սովորեց կարպետ գործել, գորգ, գոբելեն, մտածեց դդումը հենքել ու գործել դրա վրա: Դդումը մեջտեղից կիսեց, քամանչայանման դարձրեց, գոբելեն գործեց եւ ստացավ առաջին գործն իր տեսակի մեջ:

Չնայած կան մարդիկ, որ դդմի վրա յուղաներկով կամ այլ նյութերով նկարում են, բայց կիրառելի չեն դարձնում ու երեւի չեն էլ մշակում: Հերիքնազի կերտած դդմիկները կիրառելի պարագաներ են նաեւ կենցաղում: Նա որոշել է դդմի վրա կիրառական արվեստի բոլոր ճյուղերը կիրառել: Արդեն փորձել է գոբելեն, կարպետ, փայտ, նոր գործը հավանաբար մետաղի միաձուլմամբ կլինի՝ դդումը կտրատելով ու մետաղը ծեծելով նրա մեջ:

Իր ստեղծած աշխարհում Հերիքնազ Խաչիկյանի ձեռքում դդումները վերածվում են անզուգական կերտվածքների. «Իմ կտավն ու դազգահն էլ դդմիկներն են, որոնց վրա կարպետագործությունն եմ կիրառում, գոբելենագործությունը, փայտի փորագրությունն ուսումնասիրելով՝ փորձել եմ հայկական ժայռապատկերները փորագրել դդմիկների վրա»,-ասում է Հերիքնազը:
Նրա համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում իր հայրենի գյուղի բնությունը, ծաղիկները, խոտը, գույները, ամեն մի գույնը դառնում է էսքիզ, այնուհետ ձեռագործ դդմիկների անզուգական հավաքածուի մի տարր: Նրա բոլոր էսքիզները բնությունից են: «Բնությունը մեր հանդեպ շռայլ է գտնվել, շատ բան է տվել, պետք է միայն տեսնել ու անտարբեր չլինել: Մի տրորեք ծաղիկներին, մարդիկ, եթե անգամ նրանք չորացած են, խնամքով հավաքեք, շնչեք, ապրեք նրանցով…»:

Հերիքնազն այժմ ուսանում է ՀՊՄՀ մագիստրատուրայում` գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի բաժնում եւ որպես նկարիչ բնապահպան ակտիվ մասնակցություն է ունենում վերջին տարիներին մեր երկրում սկիզբ առած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» նախագծին: Մարդկության ընդհանուր տան՝ Երկիր մոլորակի բնապահպանության եւ բնօգտագործման վերաբերյալ այս ծրագրի նպատակն է լրացնել այսօրվա էկոլոգիական կրթության բացը եւ փորձել սերունդների մեջ հոգատար վերաբերմունք սերմանել շրջակա միջավայրի նկատմամբ: Հերիքնազը զբաղվում է նաեւ գորգագործությամբ, նպատակ ունի այցելել Հայաստանի հեռավոր գյուղերը եւ հայ մանուկներին հայկական գորգ, կարպետ գործել սովորեցնել, ինչպես նաեւ նվիրական մի ցանկություն ունի՝ դդմարվեստը, որպես կիրառական արվեստի հին ճյուղ, մուտք գործի ուսուցողական ծրագիր, որպեսզի ներկա սերունդը համացանցից զատ սովորի առնչվել բնության հետ, աշխատել նաեւ բնական նյութի հետ:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

18.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031