Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող բազմահազար վանաձորցիներին տված իմ խոստումը դրժել և տուրք տալ երկու-երեք հոգու պահանջին». Մամիկոն Ասլանյան

Հուլիս 18,2018 22:44

«Թույլ չեմ տա հասնի նրան, որ ինձնից ժողովուրդը հրաժարական պահանջի»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում պարբերաբար իր հրաժարականի պահանջ ներկայացնողներին, այսպես պատասխանեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, թե Մամիկոն Ասլանյանի հրաժարականի պահանջը նոր չէ և հեղափոխության հետ կապ չունի. «Ես ասում եմ, որ այդ պահանջը հեղափոխության հետ կապ չունի: Հեղափոխությունը հասնի Վանաձոր, թե չհասնի, Վանաձորը Մամիկոն Ասլանյան անունով քաղաքապետ ունենալ չի կարող: Նա ընտրվել է մանդատագողության արդյունքում ու վաղ թե ուշ նա հրաժարական կտա»:

Պարոն Ասլանյանը, անդրադառնալով քաղաքական ընդդիմախոսներին, հավաստիացրեց. «2016 թվականից արդեն սովոր եմ, որ իմ քաղաքական ընդդիմախոսները մի օր կպահանջեն հրաժարական, մի օր չեն պահանջի, հաջորդ պահին նորից կպահանջեն, հետևաբար ամեն մարդ այստեղ գուցե իր քաղաքական շահն է հետապնդում: Ես չեմ կարող բազմահազար վանաձորցիներին տված իմ խոստումը դրժել և տուրք տալ երկու-երեք հոգու պահանջին, քանի որ նրանք լուծում են նեղանձնական, նեղընտանեկան կամ գուցե նեղկուսակցական կամ քաղաքական խնդիր: Նույնիսկ շատ հաճախ, երբ խոսքը հասնում է սոցիալական հարթակներում անձնական վիրավորանքներին, որպես տղամարդ այդ պահին մեջս ինչ-որ բան է առաջանում նույն ոճի մեջ պատասխանել, բայց հետո, երբ դու զգում ես, որ դու երրորդ քաղաքի քաղաքապետն ես, ու այդ քաղաքացիները նաև քո օրինակին են հետևում, հաճախ չես ուզում իջնել այդ մակարդակին»:

Մամիկոն Ասլանյանի համոզմամբ՝ ավելի լավ է մարդ հասկանա, որ եթե ինքը ներկայացնում է իշխանություն, հանրային ծառայություններ է մատուցում ու հանրության առջև հանդես գալիս, ինքը պիտի հաշվետու լինի միայն հանրությանը, իր ընտրողին և ոչ թե այս կամ այն կամակոր կամ այլ նպատակներ հետապնդող մարդկանց:

Պարոն Ասլանյանը եզրափակեց. «Նմանատիպ մարդիկ միշտ լինում են, իսկ եթե մենք մեր ճանապարհին նման մարդկանց սկսենք չափից ավելի ուշադրություն դարձնել, մենք մեր ճանապարհի կեսին կանգ կառնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031