Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է Տաշքենդում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում մեր երեք մասնակիցների ցույց տված արդյունքներից, որոնք նվաճեցին մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
«Մեր տղաները միայն մեկ-մեկուկես շաբաթ առաջ իմացան, որ կարող են մասնակցել աշխարհի առաջնությանը եւ առանց լրացուցիչ նախապատրաստական փուլ անցնելու մեկնեցին մրցավայր: Եթե նախապես իմանայինք մենք տղաներին կնախապատրաստեինք եւ նրանցից յուրաքանչյուրը Տաշքենդում պոկում եւ հրում վարժություններում առնվազն 5-ական կիլոգրամ բարձր արդյունք կարող էին արձանագրել», – ասաց նա Aravot.am-ի հետ զրույցում:
Պարոն Ալավերդյանը նշեց նաեւ, որ այդ օրերին Տաշքենդում անցկացված IWF համաժողովում հաստատվեցին քաշային նոր 10 կարգերը, որոնցից յոթը օլիմպիական են: «Համաժողովում մեզ եւ Թուրքիային միայն վերջին պահին թույլատրեցին մասնակցել», – ավելացրեց պարոն Ալավերդյանը
Հարցին, թե ի՞նչ վերջնական լուծում է ունենալու Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման ժամկետների հարցը, ինչին նա մեկ անգամ եւս անդրադարձել է IWF համաժողովում, նա պատասխանեց. «Հարցը դեռ մնում է օդից կախված: Ես իմ տարակուսանքը հայտնեցի, որ հակադոպինգային նույն խախտման դեպքում Իլյա Իլյինը որակազրկվել է ընդամենը երկու տարով, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը անհասկանալի պատճառներով լրացուցիչ երկարաձգվել է մինչեւ չորս տարի: Ինձ խոստացան, որ Հռիփսիմեի որակազրկման հարցը մեկ անգամ էլ կվերանայեն եւ, հավանաբար, կպատասխանեն նոյեմբերին կայանալիք հերթական համաժողովում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ