Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Իշխանությունն ունի բավարար կամք ներառական կրթության խնդիրները լուծելու համար. Արայիկ Հարությունյան

Հուլիս 18,2018 18:15

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել է Սեյվ դը չիլդրն կազմակերպության աջակցությամբ:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհին առկա են բազմաթիվ խնդիրներ: Նրա խոսքով՝ նախկինում այդ ուղղությամբ քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն: «Այս պահին ՀՀ երեք մարզում՝ Սյունիքում, Լոռիում և Տավուշում,  ներդրվել է համընդհանուր ներառական կրթություն: Ըստ ժամանակացույցի՝ սեպտեմբերի 1-ից այս համակարգին պետք է անցում կատարվեր նաև Երևան քաղաքում և Արմավիրի մարզում: Ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այլ շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար: Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից որտեղ են անցում կատարելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա այլ խնդիրների, այն է՝ լիարժեք գնահատված չեն  երեխաների կարիքները, դպրոցները հարմարեցված չեն, առկա են ծրագրերի և ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր, երբեմն դիմադրություն կա հատուկ դպրոցների կողմից: «Իրականում խնդիրը համակարգային բնույթ է կրում, որը լուծելու համար նախ անհրաժեշտ է ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը: Վստահեցնում եմ, որ իշխանությունն ունի բավարար կամք՝ բոլոր խնդիրներին լուծում տալու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Քննարկման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում:

Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների և սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

Քննարկման ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031