Այսօր առավոտյան խիստ ռեժիմի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 կալանավորներ գրավոր դիմել էին ՔԿՀ-ի ղեկավարությանը`տեղեկացնելով, որ անժամկետ հացադուլ են հայտարարում: Նրանց պահանջները երկուսն էին`համաներում հայտարարել եւ քննարկման առարկա դարձնել վաղաժամկետ ազատ արձակման հարցը: Հացադուլ հայտարարած կալանավորները նաեւ հանդիպում էին պահանջել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել եւ զրուցել հացադուլ հայտարարած կալանավորների հետ, քննարկել նրանց պահանջները: Պատգամավորը նաեւ առանձնազրույցներ է ունեցել կալանավորների հետ: Արդյունքում, հացադուլ հայտարարած 20 կալանավորները համաձայնել են դադարեցնել հացադուլը: Նրանք այդ մասին գրավոր դիմում արդեն ներկայացրել են ՔԿՀ-ի ղեկավարությանը:
Իսկ պատգամավորի եւ կալանավորների քննարկման հիմնական խնդիրը եղել է համաներման հարցը: Համաներում, հիշեցնենք, Հայաստանում վերջին անգամ հայտարարվել է 2013 թվականին` անկախության օրվա առթիվ: «Ես գտնում եմ, որ համաներման պահանջը ճիշտ, օբյեկտիվ եւ արդարացի է: Համերման յուրաքանչյուր գործ անպայմանորեն առանձին-առանձին պետք է քննվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ այս հարցն օրեր առաջ ինքն ԱԺ ամբիոնից կրկին բարձրաձայնել էր:
Նաիրա Զոհրաբյանը հաստատ է իր համոզման մեջ`կան կալանավորներ, որոնք այլեւս հանրային վտանգ չեն ներկայացնում, ուստի նրանց հանդեպ կարող է եւ պարտադիր է համաներման կիրառումը: Բացի այդ, կան առողջական այնպիսի խնդիրներ ունեցող կալանավորներ, որոնց առողջական խնդիրն ուղղակի անհամատեղելի է կալանքը կրելու հետ:
Նաիրա Զոհրաբյանն այսօր եւեթ դիմելու է ՀՀ արդարադատության նախարարությանը`համաներման առաջարկով: Այս հրապարակումն էլ համարում է բաց հորդոր կառավարությանն ու նախարարությանը: «Իհարկե, իմ հորդորով իրենք դադարեցրին հացադուլը, բայց մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, կառավարությունը, մեր գործը պետք է անենք: Սա հարցի լուծում չէ, հարցին պետք է տրվի իրավական լուծում, օրենքի շրջանակում լուծում եւ դա պետք է լինի` հնարավորինս արագ համաներում հայտարարելը»,- ասաց տիկին Զոհրաբյանը`հավելելով, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի համաներման հարցն աշնանային առաջին իսկ նստաշրջանում ընդգրկվի, քանի որ այս պահին խորհրդարանն արձակուրդում է:
«ՔԿՀ-ները բեռնաթափելու խնդիր կա: Բացի դա, ինձ համար հասկանալի չէ որոշ հանցանքների դեպքում համառորեն համաներում չկիրառելը: Մենք նաեւ կրկին պետք է քննարկենք, թե տնտեսական որոշ հանցագործությունների դեպքում որքանո՞վ է ճիշտ ազատազրկումը, քան մարդուն ազատության մեջ թողնել եւ հնարավորություն տալ աշխատելու եւ փոխհատուցելու իր պատճառած ֆինանսական վնասը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ