Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Անլուրջ է խոսել Հյուսիս-Հարավի ավարտի մասին. 4-5-րդ տրանշները ֆինանսավորում չունեն»

Հուլիս 18,2018 17:09

Անլուրջ կլինի, եթե որեւէ մեկը Հյուսիս-Հարավ մայրուղու ծրագրի ավարտի մասին հայտարարություն կանի: Այսօր այս մասին մայրուղու Թալին-Լանջիկ ճանապարհահատվածում՝ արտագնա ասուլիսի ժամանակ ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Իսկ ծրագրի ավարտի կոնկրետ ժամկետ նշելու անլրջությունը նախարարը հիմնավորեց այն հանգամանքով, որ ճանապարհի մեծ հատվածի ֆինանսավորման խնդիր կա: Ըստ նախարարի՝«Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք ծրագիրը 5 տրանշից է բաղկացած, ֆինանսավորվում են միայն առաջին 3 տրանշները, 4-րդ տրանշից մի փոքր հատվածը, իսկ մնացածները ֆինանսավորողներ չունեն, հարցը լուծված չէ»:

Նախարարի խոսքերով՝ ֆինանսավորում չունեն Արտաշատ-Սիսիան հատվածի 178 կիլոմետրի համար, Սիսիան- Քաջարան հատվածի 60 կիլոմետրի համար, որն ամենաբարդ հատվածն է՝ անցնելու է թունելներով, կամուրջներով եւ բարդ ռելիեֆով: Ինչպես նաեւ ֆինանսավորում չկա Գյումրու շրջանցիկ 23 կիլոմետրի համար եւ Գյումրի-Բավրա հատվածի 38 կիլոմետրի համար:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածները ավարտական վկայականներ դեռ չեն ստացել. հայտնաբերվել են որոշ թերություններ, որոնք պետք է վերացվեն։

Նախարարի վստահեցմամբ՝ կառավարությունը չի հրաժարվելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրից, այն ավարտին պիտի հասցնեն, շինարարությունը կիրականացվի տեղական շուկայից գնված շինանյութով։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը՝ հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երեւան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի եւ Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները եւ ճանապարհային ենթակառուցվածքները:

Ասուլիսի հենց սկզբում նախարարն անդրադարձավ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մասին այս տարիների ընթացքում մամուլում եւ հանրության շրջանում տարածված այն լուրերին, ըստ որոնց, ահռելի գումարներ են ծախսվել, մսխվել, հափշտակություններ կատարվել. «Ես չեմ ուզում անդրադառնալ մինչ այս հափշտակություններ եղե՞լ են, թե՝ ոչ: Դա իմ լիազորություններից դուրս է, դրանով այսօր զբաղվում են իրավապահ մարմինները: Եթե եղել են՝ կբացահայտեն: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ իրավախախտումները վեր հանելու գործում, կանեմ ամեն ինչ` նման բաները բացառելու համար: Եվ ես բոլորովին չեմ ասում, թե նախկինում խախտումներ չեն եղել, բայց քննիչ լինելով հանդերձ՝ գիտեմ, թե որքան կարեւոր է ապացուցողական բազան»:

Նախարարը խոստացավ, որ այսուհետ հանրությունն այս ծրագրի մասին ստանալու է ճշգրիտ եւ օբյեկտիվ տեղեկություններ, ինչի համար նախատեսվում է ստեղծել նախարարին կից մի հարթակ, որում կընդգրկվեն հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս հարթակի միջոցով, շահագրգիռ կողմերն, ըստ Հակոբյանի, հնարավորություն կունենան մասնակցելու եւ հետեւելու նախարարության հայտարարած բոլոր մրցույթներին, ստուգումներին եւ բոլոր գործընթացներին. «Եվ ոչ միայն Հյուսիս-հարավի աշխատանքներին: Մենք ճանապարհաշինական բազմաթիվ այլ ծրագրեր ենք իրականացնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031