Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի համար դժվար է լինելու կառավարման չորրորդ շրջանը. աշնանն ավելի կսրվեն խնդիրները. Տաթև Հայրապետյան

Հուլիս 18,2018 17:06

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները նպաստեցին, որ Ադրբեջանում ինչ-ինչ խնդիրներ ավելի ցայտուն ի հայտ գան: «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետը զգուշացրեց. «Ալիևի համար դժվար է լինելու կառավարման չորրորդ շրջանը. սա դեռ ավարտը չէ: Օրինակ՝ քաղաքական գործիչներից մեկը ենթադրում էր, որ աշնանն ավելի կսրվեն խնդիրները, քանի որ ամբողջատիրական ռեժիմի թվացյալ վերահսկողությունն իր ճաքերն է տալիս: Բավական է հրաման չլինի, և պետությունն ինստիտուցիոնալ առումով չի կարողանում իր խնդիրները լուծել: Հանձին Ադրբեջանի՝ ավտորիտար ռեժիմի ներքին լուրջ խնդիրներ ունեցող պետության հետ գործ ունենք, և խնդիրները գնալով սրվում են, դրսևորման ձևերն էլ ավելի ագրեսիվ են դառնալու»:

Դառնալով ԼՂ հակամարտությանը և այս փուլում հնարավոր պատերազմական գործողություններին՝ Տաթև Հայրապետյանը նշեց. «Ադրբեջանը միշտ էլ փորձել է ներքին խնդիրները կոծկել, և առաջացել է այս իրավիճակը: Ադրբեջանում ներքաղաքական ներկայիս իրավիճակը գալիս է փաստելու, որ այս փուլում Ադրբեջանին շատ ավելի դժվար, անհնար է լինելու գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների»:

Ըստ ադրբեջանագետի` քանի որ Ադրբեջանի հասարակությունը դրական արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին, այդ պատճառով այժմ Ադրբեջանի իշխանությունը վախեր ունի, որ նման փորձեր կարող են տեղի ունենալ նաև Ադրբեջանում, ինչը նրանց ստիպում է կանխարգելիչ գործողություններ անել և շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ նրանց համախմբելով արտաքին թշնամու շուրջ:

Տաթև Հայրապետյանը նկատեց՝ տարօրինակ է այն, որ Գյանջա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկաններ սպանվեցին. «Սովորաբար Ադրբեջանում ցույցերից առաջ բոլորին մանրակրկիտ կերպով ստուգում են: Ուստի տարօրինակ է, թե ինչպես զինված մարդիկ հայտնվեցին քաղաքի կենտրոնում, և ինչ պատահեց, որ ոստիկաններ սպանվեցին առանց որևէ միջամտության: Ոստիկաններից մեկն այդ քաղաքի հոգևորականի եղբայրն էր, լուրեր էին տարածվում, որ հոգևորականն էլ խնդիրներ ունի քաղաքապետի հետ: Թնջուկի նման դեպքեր են»:

Դառնալով վարկածներին և Գյանջայի իրադարձություններում հայկական հետքեր փնտրելուն՝ Տաթև Հայրապետյանը նշեց. «Այդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանում բազում խնդիրներ կան, և ադրբեջանցի մի շարք փորձագետներ նշում են, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են խնդիրները բարդել բոլորի վրա և չվերցնել պատասխանատվություն»:

Ըստ ադրբեջանագետի՝ սկսված ձերբակալությունների ալիքն ընդամենը արտաքին ծածկույթն է. իրականում ներիշխանական պայքարի  տարրեր էլ են այստեղ նկատվում:

Դառնալով առաջնագծում ադրբեջանական ռազմական տեխնիկայի կուտակումներին մեր սահմանների մոտ՝ փորձագետ Լիանա Հովհաննիսյանը հայտարարեց. «Սա ակնհայտ սպառնալիք է ուղղված հայկական կողմին, և միջազգային հանրության ադեկվատ արձագանքը կարող է կանխել հերթական ագրեսիան երկու հայկական պետությունների նկատմամբ»:

Ըստ Լիանա Հովհաննիսյանի՝ Ադրբեջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա: Փորձագետը պարզաբանեց. «Սովորաբար հասարակությանը ներքին խնդիրներից շեղելու համար իշխանությունները փորձում են հանրությանը համախմբել արտաքին թշնամու նկրտումների գաղափարի շուրջ: Եվ պատահական չեն այս առումով հնչող հակահայկական հայտարարությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031