Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած դեպքի հանգամանքները և դրա ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
Ըստ նրա, այս հարցը Փաշինյանի ուշադրության կենտրոնում է։
Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում զերծ մնաց գնահատականներից։ «Ես զերծ կմնամ որևէ գնահատականներ տալուց, բայց այսօր պլանավորված է պաշտպանության նախարարի հանդիպումը Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ։ Մենք այդ մասին կխոսենք իրենց հետ, եթե դրանից հետո լրացուցիչ գնահատականի և պարզաբանման հարց լինի, այն ժամանակ մենք կանդրադառնանք։ Եվ ինչքան գիտեմ` Շիրակի մարզպետը ևս հանդիպել է բազայի հրամանատարության հետ, և համապատասխան հայտարարություն արդեն կա», – ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում