Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նրան հրավիրել Երևան՝ խորոված ուտելու: Տեղեկանում ենք Ria-ից:
Վովանը և Լեքսուսը բողոքել են Յունկերին ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներից, իսկ Յունկերն ի պատասխան ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի հասկանում՝ ինչ է կատարվում»: «Եվ մենք պետք է համոզվենք, որ նա ավելի լավ կսկսի գիտակցել՝ ինչ է կատարվում Հայաստանում: Լավ: Ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:
Բացի այդ, պրանկերները Յունկերին հրավիրել են խորոված ուտելու՝ նշելով, որ խորովածը կարելի է պատրաստել Երևանի հրապարակում և «ինքնատիպ հանրահավաք» անցկացնել: «Դա էլ վատ չի հնչում: Հաջորդ տարի կգամ: Այս տարի արդեն հնարավոր չի լինի, բայց հաջորդ տարի մենք կգտնենք դրա համար հարմար օր և հնարավորություն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Պրանկերները նաեւ Ֆեդերիկա Մոգերինիին են զանգել` Փաշինյանի անունից:
Հիշեցնենք, որ այս նույն պրանկերները մայիսի վերջին նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին էին զանգահարել` ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ