Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վաստակավոր ճարտարապետ. «Մեր քաղաքը համատարած խեղաթյուրումների համալիր է դարձել»

Հուլիս 18,2018 14:39

«Մեր քաղաքը համատարած խեղաթյուրումների, ավերածությունների եւ արժեզրկումների համալիր է դարձել»,- հուլիսի 18-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Նրա ձեւակերպմամբ` մեր ամենաարժեքավոր ու պետական նշանակության հուշարձաններն են Հանրապետության հրապարակը եւ Օպերային թատրոնի շենքը, սակայն երկուսի հանդեպ էլ վերաբերմունքը եղել է այնպիսին, ինչպես «Ռոսիա» կինոթատրոնի պարագայում: ՀՀ վաստակավոր ճարտարապետը կարծիք հայտնեց, որ վաղուց անցել ենք անթույլատրելիի սահմանը:

Նրա ասելով՝ աղճատվել են կարեւոր, ակնառու շենքեր, որոնցով էլ ճանաչելի է մեր քաղաքը: «Զուգահեռելով կերպարվեստի հետ, մի օրինակ բերեմ, ոչ մեկի մտքով չի անցնի Այվազովսկու «Անդորրություն» կտավի վրա նույնքան անդորր կարապներ պատկերել, անհեթեթ է, բայց ճարտարապետության մեջ դա կա, միջամտում են ուրիշի ստեղծագործությանը»,-ասաց ճարտարապետը:

Մասնավորեցման պարագայում կարեւոր շինությունների վրա անցանկալի փոփոխությունների մասին պարոն Ղուլյանի դիտարկումները` տեսանյութում:

Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքին, «Ռոսիա» կինոթատրոնին և մի շարք այլ կառույցների, որոնց տրվել է հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Նրա խոսքերով` 600-ից ավելի հուշարձան նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի, ինչ վերաբերում է քննարկման առարկա 7 հուշարձաններին, դրանք օրերս արժեւորվել են եւ օրենսդրությամբ պահպանվելու են հուշարձանի կարգավիճակով:

Մանրամասները` տեսանյութում

Աղավաղված, խանութների շարքով «խեղդված» եւ դիմագիծը փոխած «Ռոսիա» կինոթատրոնի վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան էլ պարոն Աբրոյանը ասաց, որ դա կարգավիճակի հետ չի առնչվում, թե ինչ հավելումներ եւ պատմական շերտագրություն ունի, դա օրենսդրությամբ այլ ընթացակարգեր է պահանջում, սեփականատիրոջ իրավունքի խնդիրներ են առաջանում, որոնք բանակցային կամ այլ եղանակով կարող են լուծվել: Նաեւ հավելեց, որ օրենքն ասում է, որ հուշարձանի փոփոխությունը պետք է կատարվի ի նպաստ հուշարձանի:

Մանրամասները` տեսանյութում

Արամ Մանուկյանի արձանին եւ նրա տեղափոխությանն էլ անդրադարձ եղավ: Աբրոյանը չժխտեց, որ արձանը կտեղափոխվի: Նաեւ շեշտեց, որ արձանը տեղադրվել է դեռեւս կարգավիճակ չստացած կառույցի վրա, արձանն էլ տեղադրվել է առանց մշակույթի նախարարության հետ համաձայնեցման, որովհետեւ հուշարձանների պահպանական գոտիների տարածքում է:

Մանրամասները` տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031