Լրահոս
Օրվա լրահոսը

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա

Հուլիս 18,2018 13:18

Հուլիսի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

Պետնախարարն ընդգծել է, որ իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները հիմնականում համընկնում են, և դա լավ հնարավորություն է առավել մեծ թափով փոխգործակցելու կոնկրետ ոլորտային խնդիրների շուրջ: Այնուհետև կողմերը քննարկել են առանձին ոլորտներում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:

Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և ԱՀ կառավարության տեսլականը գյուղատնտեսության ինտենսիվացման, հացահատիկի մշակումից այգեգործության անցման ուղղությամբ: Պետնախարարի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է մնում բերքը կարկտահարություններից պաշտպանելու թեման: Փոխվարչապետը նշեց, որ այդ ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշակի նոր միջոցներ է ձեռնարկում և դրանց իրականացման փուլում կառավարությունը պատրաստ է նաև աջակցել Արցախին:

Հաջորդիվ քննարկվել է բնակարանային ապահովման խնդիրը: Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը այդ ոլորտում Հայաստանում իրականացվող պետական ծրագրերի ուսումնասիրության, կատարելագործման և ներդրման քաղաքականություն է իրականացնում, սակայն էական խնդիր է մնում քաղաքացիների կողմից ոչ կառուցապատողից բնակարանների ձեռքբերման դեպքում պետական աջակցության հարցը: Տիգրան Ավինյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը այս ոլորտում մրցունակ ծրագրեր մշակելու աջակցության հարցում:

Խոսելով էներգետիկայից՝  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է, որ Արցախն արդեն վերականգնվող էներգիայի ոլորտում արտադրում է իր սպառման ծավալներին համարժեք էներգիա և առաջիկայում՝ նոր հէկերի գործարկումից հետո, նախատեսվում է ունենալ նաև արտահանման ենթակա որոշակի ավելցուկային էներգիա: Փոխվարչապետը կարևորել է վերականգնվող էներգետիկայի զարգացման քաղաքականությունը և հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով: Փոխվարչապետը հավաստիացրել է, որ այդ ուղղությամբ գոյություն ունեցող բոլոր ծրագրերը շարունակվելու են և նոր թափ են ստանալու:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ պետնախարարը ընդգծել է, որ բարեգործական ծրագրերն, իհարկե, կարևոր են, սակայն, առաջխաղացման համար գլխավոր շարժիչ ուժը ներդրումներն են: Փոխվարչապետը այս առումով կարևորել է տնտեսական մասնագիտացման և արտահանման ոլորտում արդյունավետ լուծումներ գտնելու հարցերը: Այս համատեքստում Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. յուրաքանչյուր ծրագիր, որ իրականացվում է Հայաստանում, պետք է առավելագույնս ներգրավի և զարգացնի Արցախի տնտեսությունը:

Եվ վերջում, քննարկելով Արցախ այցելելու հնարավորությունը՝ փոխվարչապետը հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերին ընդլայնված պատվիրակությամբ կայցելեն Արցախ՝ տեղում քննարկելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հնարավորությունները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031