Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց բեզպրեդել են պահում, քանի որ Հայաստանը պորտալարի նման կապված է Ռուսաստանից»․Փանիկի գյուղապետ

Հուլիս 18,2018 12:26

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն առանց նախազգուշացնելու, առանց թույլտվության ու համապատասխան փաստաթղթի զորավարժություններ են անցկացրել Փանիկ գյուղի տարածքում, բնակելի տների մոտ՝ ահուսարսափի ենթարկելով բնակիչներին։ Հնչել էին կրակոցներ, պայթյուններ, այս ամենն, ի դեպ, նկարահանված է, համացանցը հեղեղված է տեսանյութերով։ Բնակիչներին մի պահ թվացել էր, թե պատերազմ է սկսվել։ Վերջիններս հեռացել էին այն բանից հետո, երբ գյուղապետ Վարդան Մակեյանը դիմել էր ԱԱԾ-ին ու ոստիկանությանը։ Նույնիսկ մի երեխա վախից իրենց տան մեջ ուշաթափվել էր (տես լուսանկարում)։

Գյուղ այցելելիս՝ մենք ականատես եղանք, թե ինչպես էին փամփուշտներ գտնում շուրջբոլորից, անգամ փողոցներից, թեև դրանք մարտական չեն եղել։ Զորավարժանքը անցկացրել էին ցորենի դաշտերի մոտ ու այն երկարացնելու դեպքում հնարավոր է և այրվեր գյուղացիների բերքը։ Կրակոցների ձայնը լսել են նաև հարակից գյուղերի՝ Մեղրաշենի, Անուշավանի, նույնիսկ Արթիկի բնակիչները։

«Սա մեր պետության ամենաթողությունը չէ, սա իրենց բեզպրեդելն է, որ իրենց էսպես պահում են։ Էսօր մենք բոլորս էլ գիտենք, իրենք օգտվում են դրանից, որ Հայաստան պետությունը պորտալարի նման կապված է Ռուսաստանից, և իրենք օգտվում են դրանից, իսկ պորտալարի մի օր կկտրվի, էսպես չի կարելի։ Ահավոր ձայներ էր, պատերազմական ձայն էր, սկզբում խուճապ սկսվեց գյուղում կրակոցների ձայնից, հետո ժողովուրդը հանդարտվեց, ամբողջ գյուղը հավաքվեց դեպքի վայրում։ Առաջին տպավորությունն այն էր, թե ռուսները մեր դեմ նույն սադիզմն էին անում, ոնց որ Գյումրիում արեցին, բայց հետո հանդարտվեցինք, տեսանք՝ ինչ է կատարվել։ Փառք Աստծո, որ արտառոց դեպքեր չեղան, բոլորը զինված էին ավտոմատներով։ Մենք հասկացանք՝ ինչ է կատարվում, մնում է իրենք հասկանան։ Ո՛չ ինձ, ո՛չ Ազգային անվտանգությանը, ո՛չ էլ ոստիկանությանը ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել։ Իրենց ասելով, մենք մեր զինվորական գործն ենք անում և պարտավոր չենք ձեզ փաստաթուղթ ներկայացնելու»,- պատմեց Վարդան Մակեյանը։

 

Գյուղի բնակիչներից մեկն էլ՝ Հովհաննես Ջնդոյանն էլ ասաց, որ առանց իրազեկման անկանոն կրակահերթ են արձակել՝ ահաբեկելով բնակիչներին։ Ըստ նրա, եթե համայնքում պատրաստվում էին զորավարժություններ անցկացնել, պարտավոր էին իրազեկել տվյալ համայնքին, բացի այդ, պարտավոր էին անվտանգության միջոցներ ձեռնարկել։ «Մարդիկ վախենում են, խուճապի են մատնվում, հրշեջ բրիգադներ պիտի որ ներկա լինեն, ոչ մի պայման պահպանված չէր։ Բնակելի տներից 20 մետր հեռավորության վրա կատարում են ուսումնամարզական վարժանքներ։ Եթե անգամ դրանք ուսումնական փամփուշտներ են, իմիտացիոն պայթուցիկներ են, բայց հո մարդկանց չես կարող բացատրել, խուճապն անխուսափելի է։ Այս դեպքից ես ակամա հիշեց Վահրամաբերդի պոլիգոնի հայտնի պատմությունը, երբ մանկահասակ երեխեքը մահացան, ճիշտն ասած չգիտեմ ընթացքը, բայց առավել քան վստահ եմ, որ ընթացք չստացավ երևի գործը։ Հիշեցի Գյումրիի հայտնի սպանդը՝ Պերմյակովի։

Ինձ առաջնահերթ հետաքրքրում է, թե ռազմաբազայի հրամանատարությունը պատասխանատո՞ւ է, թե՞ առանձին զորամասերի հրամանատարության կամայականության դրսևորումն է։ Ես կուզենայի կառավարության մասշտաբով քննվեր և հավուր պատշաճի գնահատվեր, չի կարող նման դեպքի տեղի ունենալ օրը ցերեկով, բնակավայրերում, օրենսդրորեն արգելվում է։ Նման դեպք առաջին անգամ էր, իսկ ընդհանուր առմամբ իրենց տեղաշարժը ամեն օր, ամեն ժամ կարող է ֆիքսվել, իրենց զինամթերքի, կենդանի ուժի տեղափոխումը դեպի Արագածի ուսումնական բազա։ Իսկ նման բան համայնքում ես, համենայն դեպս առաջին անգամն եմ տեսնում։ Նույնիսկ մարդկանց շրջանում բացասական տրամադրվածություն է ստեղծվում ռուսական ռազմաբազայի նկատմամբ, զորամիավորման ու ծառայողների նկատմամբ, չի կարելի թույլ տալ։ Չգիտեմ հրամանատարական կազմն ինչո՞վ է զբաղված, բայց առավել քան դատապարտելի է։ Կուզենայի, կխնդրեի մեր հարգարժան կառավարությանը, ենթադրենք այսօր զոհեր ու արտառոց բաներ տեղի չունեցան բացի վախից ու տագնապից, բայց դա կարող է շարունակական բնույթ ունենալ, ուստի պիտի խնդրեի ձեռնամուխ լինեի, հազար անգամ ներողություն բառիս համար բեզպրեդելությունը կանխելու համար, նման բան նոր Հայաստանում չպիտի լինի», -ասաց մեր զրուցակիցը։

Այս թեմայի շուրջ այսօր պարզաբանումներ ներկայացրեց նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլիխովիչը, որը վաղ առավոտյան եկել էր Շիրակի մարզպետարան՝ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ քննարկելու միջադեպը ու ներողություն խնդրելու։ Նա ասաց, թե ծառայողական քննություն է իրականացվում։ Թե ո՞վ է հրաման տվել, վերջինս ասաց, որ ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման շրջանակներում անցկացվել են զորավարժություններ, իսկ թե ինչն այն չի եղել, այժմ քննություն են անցկացնում, որից հետո լրագրողներին տեղյակ կպահեն իրենց մամլո ծառայության միջոցով։ Վերջինս ասաց, որ իրենք պաշտոնապես ներողություն են խնդրել Շիրակի մարզպետից, իսկ մնացածի մասին կտեղեկացնեն հետո։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ալեքսեյ Պոլիխովիչը Կարեն Սարուխանյանի հետ հանդիպման ժամանակ նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն», ;ասել է Ալեքսեյ Պոլիխովիչը

Մենք պարզաբանում ենք ստացել նաև Շիրակի մարզպետից, այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031