Լրահոս
Օրվա լրահոսը

Վերլուծաբանները բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը բրյուսելյան գագաթաժողովին. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 18,2018 11:08

«Ամերիկայի Ձայն». Բրյուսելյան և Հելսինկյան գագաթաժողովներից հետո փորձագիտական շրջանակներն անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի հավաքին և հելսինկյան գագաթաժողովի արդյունքներին:

Վերջին շրջանի միջազգային լրահոսի ամենակարևոր նորությունները կապված էին բրյուսելյան և հելսինկյան գագաթաժողովների հետ: ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը: Վերլուծաբանները դրական են դիտարկում Հայաստանի վարչապետի այցը՝ այն գնահատելով չափազանց կարևոր Երևանի համար:

«Վերջին տարիների ՆԱՏՕ -ի գագաթաժողովների դրական կողմն այն է, որ գործընկեր երկրները ևս մասնակցում են գագաթաժողովին, մասնավորապես հետխորհրդային երկրները, և դա օգտակար է ՆԱՏՕ-ի ղեկավարության համար, քանի որ գործընկեր երկրները նրանց տեղեկացնում են, թե ինչպես են տեսնում իրենց հարաբերությունները կառույցի հետ»,- ասում է վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:

«Սա չափազանց լավ հնարավորություն էր վարչապետ Փաշինյանի համար հանդիպելու բազմաթիվ գործընկերների հետ և ներկայացնելու իր տեսլականը Հայաստանի արտաքին քաղաքականության և ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- նշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

Բրյուսելյան գագաթաժողովին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ վերլուծաբանների, ևս ակտիվ դիվանագիտական երկխոսություն էր ծավալել: Երկու երկրների ղեկավարները հավասարապես օգտագործեցին գագաթաժողովը՝ իրենց դիվանագիտական օրակարգն առաջ մղելու համար:

«Ադրբեջանը ևս լիովին օգտագործեց այս հնարավորությունը: Նրանք հանդիպեցին ոչ միայն ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, այլ նաև ՄԱԿ-ի քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին, Եվրահանձնաժողովի նախագահ Տուսկին և այլոց, ուստի երկու կողմերն էլ լիովին օգտագործեցին այս հնարավորությունը դիվանագիտական երկխոսություններ ծավալելու համար»,- ասում է Քավանոն:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետ մեկտեղ այս օրերին ակտիվորեն շոշափվում էին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները մեկ այլ գլոբալ դաշինքի՝ Եվրամիության հետ: Ադրբեջանական կողմն օգտագործեց այս հնարավորությունը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու համար:

Վերլուծաբանները, սակայն, տարբերակում են Հայաստան-Եվրամիություն և Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների բնույթը:

«Ադրբեջանը մշտապես մտահոգված է, որ համաձայնագրի ստորագրումը Եվրամիությանն ավելի մեծ հիմքեր կտա բարձրաձայնելու մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրների մասին, ուստի նրանց համաձայնագիրն ավելի շատ հիմնվում է տնտեսական և էներգետիկ համագործակցության վրա»,- նշում է դեսպան Կազլյարիչը:

Վերլուծաբաններն ընդգծում են հելսինկյան գագաթաժողովի և ընդհանուր ռուս-ամերիկյան երկխոսության կարևորությունը գլոբալ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

«Կարծում եմ Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունն անհրաժեշտ է: Շատ խնդիրներ կան, որ մենք պետք է միասին լուծենք: Հյուսիսային Կորեան, Իրանը, իրավիճակը Սիրիայում, հակաահաբեկչությունը և այլն: Մեզ անհրաժեշտ է դրա համար երկխոսել, սակայն միևնույն ժամանակ պետք է զգույշ լինենք Պուտինի հետ բանակցելիս՝ մեր արժեքներին չդավաճանելու ու արտաքին քաղաքական այս հիմնախնդիրներն ավելի չխորացնելու համար»,- ասում է Քավանոն:

Ռիչարդ Կազլյարիչն իր հերթին ռուս-ամերիկյան բազմաթիվ հակասությունների հետ մեկտեղ ընդգծում է մի շարք ոլորտներ, ուր կողմերի միջև առկա համագործակցությունը չափազանց արդյունավետ է:

«Երեք ոլորտներում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը չափազանց արդյունավետ է: Դրանք են Արկտիկան, տիեզերքն ու ղարաբաղյան հակամարտությունը»,- ասում է դեսպան Կազլյարիչը:

Նրա կարծիքով, չնայած կողմերը որևէ հայտարարություն չեն արել գագաթաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ համագործակցության մասին, սակայն գագաթաժողովի արդյունքում կարել է եզրակացնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կշարունակվի մինսկյան խմբի ձևաչափի ներքո Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ուղիղ բանակցությունների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031