Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ասֆալտապատման աշխատանքները ձգձգվել են կապված հեղափոխության հետ

Հուլիս 18,2018 10:39

Վանաձորում առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրների թվում շարունակում է մնալ փողոցների ասֆալտապատումը: Թեեւ ամեն տարի մարզկենտրոնում իրականացվում են ասֆալտապատման ու փոսային նորոգման աշխատանքներ, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական, գլխացավանք առաջացնելով ոչ միայն վարորդների, այլ նաեւ հետիոտների համար:

Քաղաքի որոշ փողոցներում ասֆալտապատում իրականացնելու համար այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 160 միլիոն դրամ: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ասաց, որ կատարվելու են հիմնանորոգումներ, իսկ ծրագրում ընդգրկված են հիմնականում ծայրամասային փողոցները՝ Փարաջանով, Վերածնունդ, Մալաթյա, Չերկասի, Ներսիսյան, Սասունցիներ, Մոսկովյան, Լազյան:

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթն արդեն իսկ հայտարարվել է: Հաղթող ընկերության անունը պարզ կլինի օգոստոսի 7-ին, որից հետո կմեկնարկեն աշխատանքները:

Եւս 24 միլիոն էլ տրամադրվել է փոսային նորոգման աշխատանքներ կատարելու համար. «Փոսալցման մի մասը կատարել ենք, հիմա առաջնահերթ Ներսիսյան փողոցի խաչմերուկի անանցանելի մասը կվերացնենք: Ներսիսյան եւ Սանկտ Պետերբուրգ փողոցներում խնդիր կա գումարներ ծախսելու, որովհետեւ Սանկտ Պետերբուրգը ներառված էր Ասիական Զարգացման բանկի ծրագրի մեջ: Եւ հիմա մենք, եթե այնտեղ մեծ գումարներ ծախսենք, դա կդիտվի, վատնում, որովհետեւ հնարավոր է մի 4-5 ամսից այդտեղ շինարարություն իրականացվի, եւ մեզ իրավացիորեն կմեղադրեն ոչ արդյունավետ ծախսերի մեջ: Բայց մի փոքր հղկումներ կանենք, որպեսզի տրանսպորտի համար անցանելի դառնա: Իսկ Ներսիսյան փողոցով պետք է անցնի մեծ ջրատար: Վանաձորի մի հատվածի շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը մեկնարկելու է, եւ Ներսիսյան փողոցով է անցնելու այդ ջրագիծը»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Քաղաքապետը նշեց նաեւ, որ աշխատանքները ձգձգվել են կապված հեղափոխության հետ. «Ամենամեծ խնդիրը նրա մեջ էր, որ նախորդ կառավարության հետ իրենց առաջարկած պայմաններով մենք ներկայացնելու էինք սուբվենցիոն ծրագրերը, որպեսզի համաֆինանասավորմամբ կառուցվեն ճանապարհները: Բայց հայտնի իրադարձությունների պատճառով փոփոխություն տեղի ունեցավ, նոր կառավարությունն էլ մինչեւ մտավ բնականոն հունի մեջ, հիմա արդեն նորից ծրագրերն ուղարկել ենք: Հիմա շատ հնարավոր է, որ օրինակ 160 միլիոն դրամ ենք մենք նախատեսել այդ աշխատանքների համար, բայց կառավարչությունը 100 միլիոնը մեր փոխարեն կոմպենսացնի»,- ասաց Ասլանյանն ու տեղեկացրեց, որ նշված աշխատանքներին զուգահեռ, ասֆալտապատում կիրականացվեն նաեւ քաղաքի մի քանի բակերում: Աշխատանքներն իրականացնելու համար հատկացվել է 10 միլիոն դրամ: Շուտով կհայտարարվի նաեւ 3 թաղամասերում խաղահրապարակների կառուցման մրցույթը:

Իսկ մինչ այդ վարորդները կշարունակեն երթեւեկել մեղմ ասաց անմխիթար փողոցներով:

Մանրամասները՝  տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031