Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւից եւ սպիտակից բացի…

Հուլիս 18,2018 10:16

Մեր հասարակությունում կարծրատիպերով շարժվող եւ դրանցից շեղումները դատապարտող մարդիկ ավելի շատ են, քան նրանք, ովքեր կողմ են ազատությանն ու բազմազանությանը: Հիշո՞ւմ եք կապույտ մազերով աղջկան: Թվում է, թե ամեն ինչ պարզ է՝ մարդը որ գույնով ուզում, իր մազերը ներկում է: Բայց դա դարձավ մի ամբողջ պատմություն՝ քաղաքական եւ նույնիսկ տեղայնական («հայաստանցի-ղարաբաղցի») երանգներով: Ենթադրենք, ես իմ կյանքում տեսել եմ միայն սեւ եւ սպիտակ մազեր, եւ մազերի այլ գույնն ինձ համար մշակութային շոկ է: Բայց այս խնդիրն ունի երկու լուծում. 1/ ես զայրանում եմ եւ փրփրում, եթե ինձ համար կյանքը սահմանափակվում է այդ գույներով, 2/ ես գոնե տեսականորեն ընդունում եմ, որ մազերը կարող են այլ գույն ունենալ, եւ մշակութային շոկը հաղթահարում եմ՝ կապույտ գույնն իմ «մտավոր ներկապնակի» մեջ ընդգրկելով:

Այդ պարզունակ օրինակով ես ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է «մարսել» ցանկացած ապրելակերպ, ցանկացած արարք եւ ցանկացած միտք՝ անգամ եթե այդ ապրելակերպը, արարքը կամ միտքը քեզ դուր չի գալիս: (Խոսքն, իհարկե, օրենքով թույլատրված արարքների մասին է): Եթե իմ ուղեղում տեղ կա ոչ միայն «սեւի» եւ «սպիտակի», «ճշտի» ու «սխալի», «լավի» եւ «վատի», «մերոնց» եւ «ոչ մերոնց» համար, ապա ինձնից որեւէ ձեւով տարբերվող մարդն ինձ համար գուցե «անսպասելի» եւ «շոկային» լինի, բայց իմ զայրույթի, ցասման, դժգոհության կամ փնթփնթոցի պատճառ չի դառնա:

Մեզանում կան «սեւ-սպիտակի» կարծրատիպեր՝ «ընդդիմադիրը կարող է միայն այսպիսին լինել», «քաղաքացիական դիրքորոշումը կարող է միայն այսպես դրսեւորվել», «հայրենասիրությունը սա է», «խիզախությունը սա է», «իսկական կրոնը սա է» եւ այլն: Եթե ինչ-որ բան չի համապատասխանում մեր՝ տարիներով ձեւավորված պատկերացումներին, չի տեղավորվում մեր ուղեղի մեջ, պարտադիր դատապարտելու ցանկություն է առաջացնում: Կարպիս Փաշոյանի պատմությունը դրա մասին է:

Իհարկե, պետությունն իր կանոններն ունի: Պետական ծառայողը, առավել եւս` մամուլի քարտուղարը, սահմանափակ է իր կարծիքն արտահայտելու հնարավորություններում: Լիակատար ազատ խոսելու համար պետք է ազատ լինել պետական հիերարխիայից: Ասում եմ դա նաեւ սեփական փորձից՝ ես էլ եմ «շատ հին Հայաստանում» մամուլի քարտուղար եղել: Բայց ով ասաց, որ պետությանը կարող ես օգտակար լինել միայն պետական պաշտոն զբաղեցնելով: Դա էլ է, ի վերջո, կարծրատիպ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը` bugaga.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Կարծրատիպ» բառը իրոք շատ էք սիրում – եւ անոր կարծեցեալ իմաստը՝ բացարձակապէս ատում -, Հայաստանի մէջ:

    Արեւմտեան աշխհարհի մէջ մինչդեռ զանազանութիւն մը կայ «կարծրատիպ»ի եւ «աւանդական արժէքների» միջեւ: Նրբութիւն մը կայ «կարծրատիպի» եւ պահպանողական մտածողութեան միջեւ: Եւ հետեւաբար՝ աւելի փոխադարձ յարգանք կայ, հանդարտ – թէկուզ անվերջանալի – բանավէճ կայ՝ ազատական գաղափարաբանութիւն vs պահպանողական ըմբռնողութիւն յաւերժական հակամարտութեան մէջ: (Ի դէպ, նկատեցիք անշուշտ թէ ոնց Օպաման ուղղակի ծնունդ տուաւ Թրամփին…)

    Ոչ առողջ ոչ ել օգտակար է ձրի հակասութեան հիւանդագին մարմաջը (խօսքս կարգ մը, դեռ արբունքից չելած ջահելների մասին է, ոչ թէ անոնց մխիթարել փորձող երեւի նուազ ջահել Խմբագրին): Ամէն ինչ որ կայացած է ծաղրելու, անցեալից եկած դասերը, փորձառութիւնն ու իմաստութիւնը անկրթօրէն հեգնելու, ամէն բան քանդել ու փշրել ջանալու կատղանքը, առաջխաղացքի մակերեսային պատրանքին տակ, կը տանի միայն դէպի ունայնութիւն:

    Նաեւ, նկատի ունեցէք որ ծայրահեղ «առաջդիմականն» ալ, ազատական անպարագիծ միտքեր կամ անսանձ վարքագիծ ունեցողն ալ, հետաքրքրական յեղաշրջումով մը, կը դառնայ կարծրատիպ: Մինչ չափաւոր պահպանողականութիւնը այժմ դարձած է երբեմն ինքնատիպ երեւոյթ, որոշ հոսանքի մը դէմ երթալու քաջութիւն: Բայց թերեւս ոչ տակաւին Հայաստանում: Այդ օրն ալ կու գայ:

    Ան որ իբրեւ թէ «կարծրատիպերի» դէմ հերոսական պայքար է մղում, արդեօք ի՞նք ել սեւ ու սպիտակ չի տեսնում աշխարհը: Ինք լինելով սպիտակը, մինչ մնացեալները՝ սեւ:

    Ինքնահաւան ու հաւակնոտ, տարօրինակ աստիճանի շփացած ու ամբարտաւան, նուազագոյն չափ ու սահման չգիտցող, հազիւ մի քիչ ուսումի նման բաներ մը ստացած (կամ ոչ ի՛սկ այդ, միմիայն երիտասարդութեան անձեռնմխելի գերադասութեամբ)՝ արդէն իրենք զիրենք բոլորից ու համայն աշխարհից աւելի խելացի՜, զարգացած ու բանիմաց կարծող, իրենք իրենցմով հմայուած, նարգիզիստ, իրենք զիրենք բացառիկ, կատարեալ ու անթերի պատկերացնող անձեր քաջալերով, առաջ չէք տանիր ձեր երկիրը: Ըլլան անոնք պետական դիրքի վրայ կամ ոչ:

    Երեւի Երեխայ-Արքայի երեւոյթի մասին լսել էք… Եւ արդէն ծնողք չի մնացել:

    Ամէն դէպքում, մի ծայրահեղութիւնից միւսը անցնելով, չէք ձերբազատուիր կարծրատիպերից, այլ ընդհակառակն, կը կրկնապատկէք զանոնք, ստեղծելով հակակարծրատիպերի կարծրատիպեր:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Անշուշտ Փաշոյանը գտնվում էր սեփական ուժերի գերագնահատման փուլում։ Ինձ ևս դուր չեկավ այն, որ Արամ Մանուկյանի մասին ասում էր, թե չի հավանում նրան, չբացատրելով, թե հատկապես ինչը, կամ որ պնդում էր, թե 20-ամյա երիտարդը հնարավոր է՝ չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունենում։ Փորձում եմ հասկանալ, թե ինչու նա այդպես արտահայտվեց։ Կարծում եմ, որ ինքը փորձում էր հասարակության ուշադրությունը բևեռել այն հիմնարար խնդիրների վրա, որոնց՝ մեղմ ասած բարձիթողի վիճակն էր հենց հանգեցրել մեր երիտասարդների զոհվելուն, սակայն պարզվեց, որ կա ուռռա-հայրենանվերների մի խմբաքանակ, որ նախորդ 10-15 տարիների ընթացքում չէր էլ համարձակվում բարձրաձայն փռշտալ երկրում արմատավորված հոռի բարքերի ու երևույթների դեմ, վախենալով ամենաթողության պապաների ստվերից անգամ, համարեցին, որ իրենց աստեղային ժամն է եկել ու առանձնահատուկ կրքոտությամբ մտան դատավորի կերպարի մեջ, բա հո խաղից դուրս չէին մնալու․․․
    Հուսով եմ մանկական հիվանդությունների այս փուլն էլ կանցնի, նորարարներ կչափավորեն իրենց մտքերն ու գործողությունները, իսկ ինքնահռչակ հայրենանվերները այս անվերջանալի թվացող բացահայտումների ֆոնին կգիտակցեն իրենց մեղքի բաժինը․․․

    • Հ.Շ. says:

      Չեմ կարծեր թէ սլաքը ինծի ուղղուած էր (իմ երկիրս չէ Հայաստանը, ծնուել ու ապրում եմ այլուր, եւ ոչ մի նախահայր ել չեմ ունեցել այդտեղ. պարզապէս որպէս հայ ծագումով օտարերկրացի, հետաքրքրուած եմ անով, եւ կը ջանամ մի քիչ օգնել), բայց նորէն ալ, լաւ առիթ է մի բան եւս պարզաբանելու:

      «Երկրում արմատավորված հոռի բարքերն ու երևույթները» չէին – ու փաստօրէն չեն – միմիայն նախկին իշխանաւորների մենաշնորհը. հետեւաբար, այդ ուղղութեամբ գործադրուող համբերութիւնից, բարիացակամ ներողամտութիւնից, նաեւ օգտուեցան բնակչութեան այլազան տարրերը, հատուածները, վերէն վար ու վարէն վեր, երկրէն ներս եւ դուրս: Հիմա վերջ գտաւ այդ համբերութիւնը:

      Իսկ այն ինչ կը վերաբերի այդ նիւթով յատկապէս իշխանաւորների յանցանքներին, եթէ եղածն ու չեղածը ցարդ կատարուած բացայայտումներով կը սահմանափակուի, շատ ել տպաւորիչ բան չկայ, տակաւին… բաղդատած՝ այդ մասին խօսուածներին, ահաւոր ըսուածներին… այլ երկիրներում վստահօրէն ու անհամեմատօրէն աւելի գէշ ու վատ բաներ կան… ուրեմն, եթէ Հայաստանում նոր ու շա՜տ աւելի ծանր բացայայտումներ չկատարուին ու չփաստուին, անցեալում չափազանց ծայրահեղ քննադատութիւններ կատարողներն է որ թերեւս պէտք է սկսին մտահոգուիլ: Հիմա որ այլեւս կարելի չէ առարկել թէ էական Ճշմարտութիւնը թաքցնող կայ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031