Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ մտահոգություններ դեռ ունի Մոսկվան Հայաստանի շուրջ

Հուլիս 18,2018 12:00

Ռուսաստանում ղարաբաղյան կարգավորման այլ մոտեցումներ կա՞ն

Անցած երկու շաբաթները Հայաստանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան կարգավորման գործընթացի առումով կարեւոր էին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ երկու հանդիպումներից հետո այցելեց Բրյուսել, որտեղ Euronews-ին տված հարցազրույցում մի կարեւոր միտք էր արտահայտել. «Մենք կմնանք Ռուսաստանի մոտ դաշնակիցը եւ հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաեւ ՆԱՏՕ-ի հետ, արեւմտյան երկրների, Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների հետ: Այդպիսով, Հայաստանը չի պատրաստվում շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ»:

Բրյուսելից Հայաստան Փաշինյանի վերադարձին նրա կողմից արված մի քանի հայտարարություններ, այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումներում որոշակի փոփոխության մասին վկայեցին: Այժմ, սակայն, իրադարձություններին անդրադառնանք ժամանակագրությամբ:

Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելուց օրեր առաջ՝ հուլիսի սկզբին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Պատրուշեւի հետ քննարկել են ինչպես երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, վերահաստատել են անվտանգության եւ պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապահովումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր: «Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության եւ սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը կարեւորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»,- մասնավորապես գրել էր Արմեն Գրիգորյանը։

Այս հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի հրապարակած հաղորդագրության շուրջ բուռն քննարկումներ ծավալվեցին: ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում տեղ գտավ, այնուհետեւ հեռացվեց մի արտահայտություն, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրի՝ Ռուսաստանի կողմից կարելի էր գնահատական համարել, ինչպես նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում ի հակառակ հայկական կողմի ունեցած դիրքորոշմանը հակադիր տեսակետ: ՌԴ ԱԽ կայքում զետեղված հաղորդագրության նախնական տարբերակից կարելի էր եզրակացնել, թե Նիկոլայ Պատրուշեւն ու Արմեն Գրիգորյանը վերահաստատել էին Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ «փուլային կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»:

Հենց այս ձեւակերպումն էր նախ հրապարակվել, որն էլ օգտագործեցին ռուսաստանյան մի շարք գործակալությունները՝ տարածելով այն:

Այս հանդիպումից մի քանի օր անց արդեն Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ամփոփելով Մոսկվա կատարած իր այցի արդյունքները, ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, եւ ՀՀ անվտանգության համակարգն ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ դատելով վերոնշյալ տրամաբանությունից՝ բնական է, որ իր առաջին այցը կատարվել է Ռուսաստան: Ա. Գրիգորյանը հանդիպել էր նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ եւ հյուրընկալվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը: Նա իր այցը «շատ արդյունավետ» էր գնահատել, որի արդյունքները, իր համոզմամբ, շուտով տեսանելի կլինեն: «Կարող եմ ասել, որ կա երկկողմ ըմբռնում, երկկողմ իրար հասկանալու հնարավորություն»,- նկատել էր նա ու հավելել, որ Ռուսաստանում առկա բոլոր մտահոգությունները հօդս չեն ցնդել: «Բայց ես համոզված եմ, որ շատ մտահոգություններ դուրս են եկել, եւ հաջորդ հանդիպումների ժամանակ այդ հարցերն այլեւս օրակարգում չեն լինելու»,- ըստ armtimes.com-ի՝ ասել էր Արմեն Գրիգորյանը:

Ներկայացնելով որոշակի մանրամասներ Մոսկվայում Պատրուշեւի հետ հանդիպումից՝ Գրիգորյանը նշել էր, որ քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ռազմական կոմպոնենտը. «Խոսել ենք համագործակցության եւ Հայաստանի կողմից ձեռք բերվող եւ ձեռք բերվելիք սպառազինության մասին: Քննարկվել է Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու եւ Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության տարբերակները»: ԱԱԽ քարտուղարը հայտնել էր, որ Պատրուշեւի հետ հանդիպման ժամանակ խոսվել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում իրավիճակի մասին. «Խոսել ենք նաեւ Նախիջեւանի մասին: Ես մտահոգություն եմ հայտնել նաեւ ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջան այցի եւ նրանց հայտարարությունների վերաբերյալ, որը հակասում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ինձ հայտնեցին, որ այդ հարցերով կզբաղվեն, եւ դրանք տեղում միանգամից լուծելի հարցեր չէին»:

Իսկ ահա, անդրադառնալով ռուսական կողմի տարածած հաղորդագրության այն մասին, որտեղ վերահաստատվում է Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության «փուլային կարգավորման օգտին», Արմեն Գրիգորյանը հղում էր կատարել արդեն խմբագրված պաշտոնական հաղորդագրությանը: «Մենք ելնում ենք այն իրողությունից, ինչը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի պաշտոնական կայքէջում, որտեղ ասվում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Սա մեր ռազմավարական դաշնակից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Սա է իրողությունը»,- ասել էր Գրիգորյանը, սակայն, ըստ էության, չհերքելով հաղորդագրության նախնական տարբերակի առկայությունը. «Ինչպես ցանկացած հաղորդագրությունում կարող են լինել վրիպակներ, որոնք հետագայում շտկվել են»:

Պաշտոնական Երեւանի կողմից ցուցաբերած անփորձությա՞ն հետեւանք էր այն, որ ռուսական կողմից նման ձեւակերպում էր տեղ գտել Գրիգորյան-Պատրուշեւ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տեքստում, թե՞ Մոսկվան, այնուամենայնիվ, ղարաբաղյան կարգավորման գործընթացում այլ մոտեցումներ ունի՝ հստակ կլինի թերեւս ապագայում: Եթե դա ռուսական կողմից հստակ դիրքորոշում է, ուրեմն կարելի է եզրակացնել, որ հայկական եւ ռուսական կողմերը ԼՂ կարգավորման հարցերում տարբեր պատկերացումներ ունեն, որովհետեւ մինչեւ վերջերս պաշտոնական Երեւանը պնդել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի փաթեթային լուծմամբ փուլային իրականացմամբ, եւ շեշտել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը:

Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից առաջ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետեւում ստացված տեղեկատվությանը հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման՝ ասվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ը վկայակոչել էր հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացրած տեղեկատվությունը, ինչպես հայտարարության մեջ նշվել էր՝ «Նախիջեւանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաեւ նրանց տեղաշարժի եւ ինժեներական աշխատանքների անցկացման մասին»: Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարեւորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո Հայաստան-Ադրբեջան առաջին պաշտոնական հանդիպումը երկու երկրների արտգործնախարարների մակարդակով ծրագրված էր հուլիսի 11-ին: Այդ հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ Հայաստանի արտգործնախարարի հետ «առաջիկա հանդիպումը ցույց կտա վերջապես՝ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր կխաղա՞, թե՞ ոչ»: Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ հակամարտության կարգավորումը տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի, ինչի կարիքը ամենաշատը Հայաստանն ունի, եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի»: Նա նաեւ հավելել էր, որ «ուշադրությամբ եւ զսպվածությամբ» հետեւելով Հայաստանի քաղաքական գործընթացներին՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը ողջամիտ քաղաքականություն վարեն, ապա հակամարտության կարգավորման գործընթացում կարելի է առաջընթացի հասնել: Եթե նրանք եւս գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, ապա նրանց սպասում է նույն ճակատագիրը»:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու նրա պաշտոնակից Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումից առաջ պաշտոնական Երեւանն արձանագրեց, որ այդ հանդիպումը կարեւոր է բանակցային գործընթացի դինամիկան պահելու առումով: Հայաստանի արտգործնախարարը լավատեսորեն էր տրամադրված հանդիպումից առաջ, նա երկու կարեւոր հարց էր առանձնացրել՝ Արցախի կարգավիճակ ու անվտանգության ապահովում:

Շարունակությունը՝ «Առավոտ»-ի հուլիսի 18-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 17.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031