Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելի շատ վարկ են վերցնում, քան ավանդ դնում

Հուլիս 18,2018 14:30

Հայաստանում երեւի թե չկա մի առեւտրային բանկ, որտեղ օրվա տարբեր ժամերին հերթեր չլինեն: Բանկերում քաղաքացիների հերթերը հիշեցնում են «մութ ու ցուրտ» տարիներին հացի եւ «սալյարկայի» հերթերը: Մարդիկ կա՛մ վարկ են վերցնում, կա՛մ վերցրածի տոկոսներն են վճարում: Երեւի միայն անչափահասներն ու թոշակառուներն են, որ վարկ չունեն. չեն կարող ստանալ: «Սաղ ազգը վարկի տակ ճռռում ա: Կամ ապառիկով են մի բան առնում, կամ էլ տան համար են վարկ վերցնում: Ավանդ դնող սկի չկա»,- դժգոհում են հերթում կանգնած վարկառուները:
Մինչդեռ Կենտրոնական բանկից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ առեւտրային բանկերում ավանդային հաշիվների քանակն ավելին է, քան վարկառուների քանակը:

Օրինակ՝ 2016 թվականին վարկառուների քանակը կազմել է 1մլն 264 հազար 108, 2017-ին՝ 1մլն 397 հազար 397, 2018-ի մայիս ամսվա դրությամբ այն կազմել է 1մլն 533 հազար 345: Սա, իհարկե, չի նշանակում, որ հենց կոնկրետ այդքան մարդ վարկառու է, հնարավոր է՝ մեկ անձը երկու տարբեր բանկերից վարկ վերցրած լինի:

Իսկ ահա ավանդային հաշիվների քանակը կարող է նաեւ զարմացնել: Օրինակ՝ 2016-ին՝ 3 մլն 672 հազար 007, 2017-ին՝ 3 մլն 710 հազար 333, 2018-ի մայիսի դրությամբ՝ 3 մլն 824 հազար 118: Ինչպես եւ վարկի դեպքում, բանկերում ավանդ դնելու դեպքում էլ այս ցուցանիշները չեն խոսում այն մասին, որ 3 միլիոնից ավելի քաղաքացի ավանդ է դրել, այդքան մշտական բնակիչ չկա Հայաստանում: Պարզապես նույն անձը կարող է մի քանի բանկերում ավանդային հաշիվ ունենալ:

Իսկ ահա դրամային տեսքով ՀՀ-ում շրջանառվող վարկային ընդհանուր ծավալն ավելին է, քան ավանդայինը:

Ըստ ԿԲ-ի՝ Հայաստանում 2016-ից մինչեւ 2018-ի մայիս ամիսը վարկային պորտֆելն ավելացել է. 2016-ին այն կազմել է 2 միլիարդ 315 միլիոն 719 հազար դրամ, 2017-ին՝ 2 միլիարդ 516 միլիոն 837 հազար դրամ, 2018-ի մայիսի 31-ի դրությամբ՝ 2 միլիարդ 696 միլիոն 583 հազար դրամ: Դրամային արտահայտությամբ՝ ավանդային պորտֆելն ավելի քիչ է, քան վարկայինը: Ընդ որում, 2017-ին 2016-ի համեմատ այն աճել է, սակայն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ավանդային պորտֆելը 2017 թվականի համեմատ նվազել է: Օրինակ՝ 2016-ին ՀՀ-ում ավանդային պորտֆելը կազմել է 2 միլիարդ 177 միլիոն 444 հազար դրամ, 2017-ին՝ 2 միլիարդ 463 միլիոն 734 հազար դրամ, 2018-ի մայիսին՝ 2 միլիարդ 408 միլիոն 305 հազար դրամ:

Այսինքն՝ այս ցուցանիշների համաձայն՝ որքան էլ ավանդային հաշիվները գերազանցում են վարկայինին, այնուամենայնիվ, մեր երկրում ավելի շատ մարդիկ վարկ են վերցնում, քան ավանդ դնում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

17.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031