Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքը պահանջում է Արագածոտնի մարզի հինգ գյուղերում արգելել քրդերենի դասավանդումը եզդի երեխաներին

Հուլիս 18,2018 14:00

Եզդի համայնքը ահազանգում է վարչապետին

«Աշխարհի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» է հանձնել 50 ստորագրություններով մի դիմում: Այն ներկայացնում է 40 հազարանոց համայնքը, ինչպես որ գրել են ՀՀ-ում բնակվող ազգությամբ եզդի քաղաքացիները:

«Կան խնդիրներ, որոնք վտանգում են մեր հետագա գոյությունը ՀՀ-ում: Այսպես, 2001 եւ 2011թթ. մարդահամարների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի: Իսկ քրդերի թվաքանակը 2200 է, որն իրականում կեղծ է, քանի որ Հայաստանում կա միայն մեկ քուրդ ընտանիք: Միաժամանակ պետք է ասել, որ Քրդական բանվորական կուսակցությունն իր օղակներն է ստեղծել Հայաստանում, մասնավորապես, Արագածոտնի մարզում ՔԲԿ-ն Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ: Այն տարածում է իր գաղափարները»,- ասվում է դիմումում:
Դիմումատուները տեղեկացնում են, որ վերջերս Գերմանիայում քրդամետ «Ճրա» հեռուստաընկերությամբ լուսաբանվել է Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի քաղաքացի ոմն Դաուդի եւ Հայաստանում միակ քուրդ Կնյազ Հասանովի հանդիպումը:

Այս կապակցությամբ եզդի համայնքն ահազանգում է. «Արագածոտնի մարզի Ալագյազ, Սիփան, Ջամուշվան, Ճարճակիս եւ Ավշեն համայնքների եզդիներին նրանք համարում են քրդեր: Բացի այդ, Արագածոտնի մարզը նրանք համարում են քրդական տարածք՝ գծելով քարտեզներ»:

Ըստ Ազիզ Թամոյանի, անվտանգությանն ուղղված այդ քայլը պայմանավորված է Շանգալի դեպքերի հետ, երբ ըստ նրա՝ «մեր փոքրաթիվ ժողովրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են Հայաստանում էլ կեղծելով իրականությունը, քրդացնել եզդիներին»:

Զրուցակիցս մեջբերում է «Զագրոս» քրդական թերթից 10-12-րդ դասարանցիների համար նախատեսված «քրդերենի» դասագրքերից: Նա հարցնում է. «Ո՞ւմ համար են դրանք հրատարակվում: Մեզ համար անհայտ է: Հայաստանում ի՞նչ քրդերի եւ քուրդ դպրոցականների մասին է խոսքը, «Զագրոս» թերթը ինչո՞ւ է գրում քրդական եւ քրդաբնակ գյուղերի մասին, որոնք, որպես այդպիսին, չկան»:

Ըստ Ա. Թամոյանի, քրդական գյուղեր Հայաստանում չկան:

Նախորդ վարչապետին ուղղված գրոււթյունից հետո Արագածոտնի մարզպետ Գոզալյանի աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել Ալագյազ, Սիփան, Ջամուշվան, Ճարճակիս եւ Ավշեն համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ:
Դիմումի հեղինակները գրում են. «Այդ հանդիպման ժամանակ ՏԻՄ ղեկավարներն ու դպրոցի տնօրենները հայտարարեցին, թե իրենք եզդի են: Մարզպետն էլ գրավոր պատասխանել է, թե բնակիչները եզդի են: Եթե եզդի են, ի՞նչ հիմքով են նրանց «քրդերեն» ուսուցանում: Երբ նշյալ գյուղերի բնակիչների անձնագրերում, ծննդյան վկայականներում նույնպես նշվել է, որ նրանք ազգությամբ եզդի են»:

Եզդի համայնքը պահանջում է Արագածի մարզի նշյալ հինգ գյուղերում արգելել քրդերենի դասավանդումը եզդի երեխաներին, քանի որ երեխաների ծննդյան վկայականներում, նրանց ծնողների ամուսնության վկայականներում, անձը հաստատող փաստաթղթերում գրված է ազգությունը եզդի:

«Խնդրում ենք փակել «Զազրոս», «Ռյա Թազա» թերթերը, քրդերեն կեսժամյա հաղորդումը, որոնք մոլորեցնում են հանրությանը, «Ճրա» հեռուստաընկերության աշխատակիցների գործունեությունը»,- ասվում է դիմումում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ի դեպ, նկատենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը եզդի համայնքի կողմից դիտվում է որպես քրդամետ քաղաքական գործիչ:
Ակնկալում ենք բարձրաձայնվածի վերաբերյալ պատգամավորի պատասխանը:

«Առավոտ»

17.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031