Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված հիշում է ԲԴԽ-ի հայտարարությունն այն մասին, որ «որոշ փաստաբաններ տեղյակ չեն, որ պետք է դիմեն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով, այնինչ դիմում են ԲԴԽ-ին»։
Փաստաբանը օրեր առաջ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով. «Որոշ փաստաբանների, ինչպես դուք եք ասում, այդ քայլը կրել է բացառապես մարտավարական բնույթ, մասնավորապես, նոր դատական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից, եթե չեք նկատել, այլեւս ՀՀ ԴԸԺ-ի կարգապահական եւ էթիկայի հարցերի հանձնաժողով գոյություն չունի, իսկ նոր ՀՀ ԴԸԺ-ի կարգապահական հարցերի հանձնաժողովը դեռեւս չի ձեւավորվել, իսկ սա նշանակում է, որ եթե այդ որոշ փաստաբանները դիմեին գոյություն չունեցող մարմնին, դուք հնարավոր է, որ խոհափիլիսոփայական կեցվածքով մեզ բացատրեիք, որ այդ մարմինը դեռեւս չի ստեղծվել, եթե դիմեինք նախկին՝ ՀՀ ԴԸԺ-ի կարգապահական եւ էթիկայի հանձնաժողովին, ապա դուք մեզ կասեիք, որ այն այլեւս գոյություն չունի, ահա դրա համար էլ մենք դիմել ենք ձեզ, որպեսզի դուք այդ դիմումները հասցեագրեք այն մարմնին, ով օրենսդրական փնթիության պատճառով գոյություն չուներ»։ Գ.Գյոզալյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ներկայումս դատավորներ Մնացական Մարտիրոսյանը, Սլավիկ Թորոսյանը, Նարինե Բարսեղյանը, Սամվել Թադեւոսյանը, Նաիրա Գրիգորյանը հանդես են գալիս Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի անունից, սակայն նրանք չեն ընտրվել այնպես, ինչպես սահմանված է գործող դատական օրենսգրքով, իսկ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Ինչ վերաբերում է հայցին, ապա փաստաբանը հայտնել է. «Թիվ ԵԱՆԴ/4287/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որը բերել է անձի՝ Անուշավան Գրիգորյանի եւ նրա անչափահաս դստեր՝ Դ. Գ.-ի իրավունքների խախտմանը։ Նման պայմաններում գտնում եմ, որ ներկայումս ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանին նվազագույնը պետք է զգուշացվի, որ արդարադատություն իրականացնելիս չի կարելի նիստերը վարել այնպես, որ անաչառ դիտորդի մոտ ակնհայտորեն տպավորություն ստեղծվի դատավորի ոչ կոմպետենտության վերաբերյալ։ Մասնավորապես, հիշյալ գործով 2018թ. մարտի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանում, դատական նիստում, նախագահող դատավոր Ստեփան Միքայելյանը նախ գործով կողմերին փորձում էր ՊԱՐՏԱԴՐԵԼ հաշտություն եւ միայն իմ համառության շնորհիվ էր, որ վերջինս որոշեց շարունակել գործը»։ Ըստ վարչական դատարանում մուտքագրված դիմումի. «նախագահող դատավորը ծանոթ չէ գործի նյութերին, քանի որ ոչ միայն վերաքննիչ բողոքի փաստարկներն ամբողջությամբ չզեկուցեց, այլեւ ընդհանրապես չանդրադարձավ»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում նախագահող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի եւ վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները, դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, գործին մասնակցող անձանց»։ Դիմումատու փաստաբանի գնահատմամբ, նախագահող դատավորը խախտել է այս նորմը, քանի որ ըստ հավուր պատշաճի չի շարադրել վերաքննիչ բողոքի եւ դրա պատասխանի փաստարկները։ Նշված խախտումն ավելին է, քան այն զուտ ձեւական տեսակետից վկայակոչելը, քանի որ այդ հանգամանքն ուղղակի բերել է նրան, որ վերաքննիչ դատարանը եւ հատկապես նախագահող դատավորը ծանոթ չի (չեն) եղել գործի նյութերին եւ այն հստակորեն դրսեւորվել է հիշատակված խախտման մեջ, որն այնուհետեւ արձանագրվել է նաեւ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտում, որի պարզ ընթերցումը ցույց է տալիս, որ դատավորները չեն ուսումնասիրել գործն ամբողջությամբ։
Ըստ նրա, հայցվորը զրկված է եղել իր գործը ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ դատարանի կողմից լսելու իրավունքից, որը երաշխավորվում է ինչպես ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով։
«Ակնհայտ է, որ կոնկրետ դատավորը քաջատեղյակ է, որ պետք է շարադրի վերաքննիչ բողոքի եւ դրա դեմ ներկայացված պատասխանի փաստարկները։ Ըստ էության, դա է նրա միակ գործառույթը դատական նիստում եւ անհնար է սա իմանալ։ Արդարադատությունը պետք է լինի ՏԵՍԱՆԵԼԻ ԵՎ ԸՆԿԱԼԵԼԻ։ Չի կարելի թույլ տալ դեպքեր, երբ կոնկրետ այս գործով դատական դահլիճում գտնվող՝ ոչ իրավաբանը ապշահար ինձ հարցնի՝ դատավորը կոմպետե՞նտ է։ Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց»,- նշել է փաստաբան Գ.Գյոզալյանը։
Անդրադառնալով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, նա փաստել էր. «Արարքը ակնհայտ է եւ կոպիտ, քանի որ դատավորը քաջ տեղյակ է, որ իր միակ գործառույթը դատական նիստում՝ շարադրել վերաքննիչ բողոքի եւ դրա պատասխանի փաստարկները, որը չի կատարել, սա չի կարող արդարացվել որեւէ պատճառով, եթե Հանձնաժողովը կգա այլ եզրահանգման, ապա դա կնշանակի, որ այսուհետ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են չշարադրել բողոքների եւ դրանց դեմ բերված պատասխանների փաստարկները, այն առաջարկելով, որ կողմերն անեն»։ Ի դեպ, Դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Ըստ նույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են, ի թիվս այլոց, նաեւ անձի հաղորդումը։
Սեփ. լր.
«Առավոտ»
17.07.2018