Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջերս իմացա Թուրքիայի կառավարության կողմից ամերիկացի ուսուցչուհու արտաքսման մասին, որով խախտվել էր նրա ազատ արտահայտվելու իրավունքը:
2018 թ. ապրիլի 8-ին «Գեյթսթոն» ինստիտուտի հրապարակած հոդվածում, թուրք լրագրող Ուզայ Բուլութը նշել է, որ Ստամբուլի համալսարանի, հետագայում նաև Թուրքիայի Գազիանթեպի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոս Նորմա Ժաննա Քոքսը «իր ուսանողների և գործընկերների հետ խոսել է 1915 թ. Հայոց ցեղասպանության, քրդերի բռնի ձուլման մասին և բողոքել է «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ: Այս «հանցագործությունների» համար նրան ձերբակալել են, ազատել աշխատանքից և ի վերջո արտաքսել երկրից: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պնդել է, որ Քոքսը արտաքսվել էր և արգելվել էր նրա վերադարձը Թուրքիա «իր անջատողական գործունեության պատճառով, որոնք անհամատեղելի էին ազգային անվտանգության հետ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իր դատական հայցով, Քոքսը դատապարտել է Թուրքիային իր արտահայտվելու իրավունքը խախտելու համար, և պնդել, որ իր իրավունքները խախտվել են Թուրքիայի կողմից իր քրիստոնեական հավատքի և տարբեր կարծիքների պատճառով»:
Քանի որ Քոքսի գործը լայն հնչեղություն չէր ստացել, ես փնտրեցի նրա դատական հայցն ընդդեմ Թուրքիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը ներկայացվել էր 2002 թ. օգոստոսի 28-ին, և նրա օգտին դատարանը որոշում էր կայացրել 2010 թ. մայիսի 20-ին:
Ահա նրա ծավալուն դատական գործի մանրամասները. 1985 թ. սեպտեմբերի 23-ին Գազիանթեպի փոխնահանգապետը նամակ է հղել Ներքին գործերի նախարարություն, միջնորդելով որ ֆիլադելֆիացի Քոքսը արտաքսվի Թուրքիայից իր «վնասակար գործունեության» պատճառով: Նա մեղադրվում էր համալսարանում իր ուսանողներին և գործընկերներին ասելու համար, որ «թուրքերը տեղահանել են հայերին և կոտորել նրանց: Բացի այդ, թուրքերը ձուլել են քրդերին և յուրացրել նրանց մշակույթը», ինչպես հայտարարել է Եվրադատարանը: 1986 թ. Քոքսը արտաքսվել է Թուրքիայից և արգելվել է նրա հետագա մուտքը երկիր: Հետագայում նա վերադարձել է Թուրքիա և ձերբակալվել «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի դեմ թռուցիկներ տարածելու համար: Նա կրկին արտաքսվել է Թուրքիայից 1989 թվականին: 1996 թ. Քոքսը մեկ անգամ ևս վերադարձել է Թուրքիա և մեկնելուց հետո պաշտոնյաները կնքել են նրա անձնագիրը՝ արգելելով նրան մուտք գործել Թուրքիա:
1996 թ. հոկտեմբերի 14-ին Քոքսը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ Անկարայի դատարանում, պնդելով, որ նրա արտաքսումը «ներքին օրենսդրության, [Թուրքիայի] Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է։ Ներքին գործերի նախարարությունը դատավորին հայտնել է, որ Քոքսը «զրույցներ է ունեցել իր ուսանողների և գործընկերների հետ թուրքերի կողմից քրդերի և հայերի ձուլման, թուրքերի կողմից երկրից հայերի բռնի տեղահանման և ցեղասպանության իրականացման մասին»։ 1997 թ. հոկտեմբերի 19-ին Անկարայի դատարանը մերժել է Քոքսի հայցը։ Նրա բողոքը Թուրքիայի Գերագույն դատարանում մերժվել է 2000 թ. հունվարի 20-ին։
Այնուհետև Քոքսը բողոք է ներկայացրել Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2002 թ. օգոստոսի 28-ին։ Դատարանը եզրակացրել է, որ «միջամտություն է եղել դիմումատուի իրավունքներին, որոնք երաշխավորված են [Եվրոպական] կոնվենցիայի 10-րդ հոդվածով», որտեղ ամրագրված է «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից»։ Ավելին, Եվրադատարանը որոշել է, որ «դիմումատուի մուտքի արգելքը Թուրքիա նախատեսված էր ճնշել նրա արտահայտվելու ազատությունը և խափանելու գաղափարների տարածումը»:
Քոքսը Եվրադատարանից պահանջել է 100 հազար եվրո վնասի փոխհատուցում, քանի որ «արտաքսման պատճառով ստիպված լքել է Թուրքիան և կորցրել իր աշխատանքն ու եկամուտը»։ Նա նաև պահանջել է 100 հազար եվրո «ոչ նյութական վնասի» համար։
Եվրոպական դատարանը որոշել է՝ նկատի առնել Քոքսի բողոքի միայն նրա արտահայտվելու իրավունքի խախտումը, անտեսելով նրա արտաքսումն ու աշխատավարձի և եկամտի կորուստը Թուրքիայում: Արդյունքում, Դատարանը Թուրքիայի կառավարությանը հրահանգել է Քոքսին վճարել 12 հազար եվրո դատավճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում «ոչ նյութական վնասի» համար, ինչպես նաև Միացյալ Նահանգների որևէ եկամտահարկ, որը հնարավոր է նա վճարի հատուցված գումարի համար։ Եթե Թուրքիայի կողմից վճարումը կատարվել է երեք ամսվա վերջնաժամկետից հետո, ապա այն պարտավոր է վճարել տոկոսավճար`երեք տոկոսային կետով ավելացված պարզ տոկոսադրույքին՝ Եվրոպական կենտրոնական բանկի վարկային տոկոսադրույքին հավասար:
Քոքսը նաև պահանջել է 20 հազար եվրո ծախսերի համար, սակայն նա չի ներկայացրել որևէ հաշիվ կամ այլ տեղեկություն՝ այդ պահանջը հաշվարկելու համար: Նման տեղեկատվության և հիմնավորման բացակայության պայմաններում Դատարանը այս առնչությամբ որևէ որոշում չի կայացրել:
Անցյալ շաբաթ Նորմա Ժաննա Քոքսն ինձ ասաց, որ նա կցանկանար վերադառնալ Թուրքիա որպես «քրիստոնյա միսիոներ՝ Ավետարանը քարոզելու համար»: Մի քանի արտաքսումից հետո, մի քանի տարի առաջ նա մեկ անգամ ևս փորձել է մեկնել Թուրքիա: Երբ նա ժամանել է Ստամբուլի օդանավակայան, նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր և հետ են ուղարկել Միացյալ Նահանգներ՝ հաջորդ չվերթով…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի