Հունիսին կորած 14-ամյա Հայկ Հարությունյանից դեռ տեղեկություններ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջերս դադարեցրել է աուտիզմ ունեցող երեխայի որոնական աշխատանքները. գործառույթն այժմ միայն ոստիկանության լիազորությունների շրջանակում է: «Ոստիկանությունը շարունակում է երեխայի որոնողական աշխատանքները»,-Aravot.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն էլ նշեց՝ թեեւ նախարարությունը դադարեցրել է Հայկի որոնողական աշխատանքները, քաղաքացիների կողմից նրա մասին հնարավոր ահազանգերի հետքերով փրկարարներն անպայման կգնան. դա նախարարի հրամանն է:
Հավելենք, որ ոստիկանությունում հարուցված է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով:
Հայկ Հարությունյանը տանից դուրս էր եկել հունիսի 9-ին: Նրան տեսնողները կարող են ահազանգել ՀՀ ոստիկանություն կամ Արտակարգ իրավիճակների նախարարություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ