Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ ներկայացուցիչները` լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին

Հուլիս 17,2018 21:44

Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։

1.Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։

Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։ Շատ հաճախ այդ հարձակումները կազմակերպված, ուղղորդված բնույթ են կրում, երբեմն իրականացվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից՝ նպատակադրված հարձակումներ գործելով և կոնկրետ վնասներ հասցնելու կոչեր տարածելով։ Այս կապակցությամբ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ բազմիցս հրապարակավ ահազանգ են հնչեցրել՝ ակնկալելով իշխանությունների արձագանքը՝ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, տվյալ դեպքում՝ ԶԼՄ ներկայացուցիչների և ԶԼՄ կայքէջերի, սոցիալական ցանցերի նկատմամբ  հարձակումները, այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։

Սիրո և համերաշխության լոզունգներով առաջնորդվող հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդները չեն կարող նման դրսևորումների նկատմամբ անտարբերություն դրսևորել։ Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով և օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական  և այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումները: Նման դրսևորումներն անդրադառնում են լրագրողական աշխատանքի վրա։ Առավել ևս, որ նման հարձակումների արդյունքում լրջագույն տեխնիկական և ֆինանսական վնասներ են հասցվում լրատվամիջոցների կայքերին և սոցիալական ցանցերում նրանց ներգրավվածության, գովազդային հոսքերի վրա (սոցիալական ցանցերում նրանց էջերի վարկանիշն իջեցնելով, փորձելով արգելափակել նրանց ներկայացվածությունը, և այլն)։

2.Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել նաև պետական գերատեսչությունների, նրանց ղեկավարների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքում։ Նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասուլիսային և այլ միջոցառումների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի, գրառումների միջոցով։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արտոնյալ պայմաններում են աշխատում՝ առաջնահերթ հնարավորություն ունենալով ուղիղ կապի միջոցով տեղեկանալու այս կամ այն իրադարձության մասին։ Բնականաբար, չենք թերագնահատում սոցցանցերի նշանակությունը, բայցև պնդում ենք, որ այն չպետք է փոխարինի մամուլի աշխատանքին: Տպավորություն է ստեղծվում, որ նոր կառավարության անդամները մեթոդաբար հետին պլան են մղում լրատվամիջոցներն ու ազատ խոսքը՝ այն փոխարինելով «լայվերով», ֆեյսբուքյան ստատուսներով և համացանցային անվերահսկելի տեղեկատվական աղբով։ Բոլոր ԶԼՄ-ները պետք է պատշաճ կերպով նախապես ծանուցվեն միջոցառումների՝ քննարկումների, ասուլիսների (և այլն) մասին և պարտավոր չեն հետևել տվյալ իշխանավորի ֆեյսբուքյան գրառումներին։ Սկսած հանրային իրազեկումից, պետք է հավասար աշխատանքային պայմաններ (այդ թվում՝ գովազդային) ստեղծվեն բոլոր ԶԼՄ-ների համար։

3.Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում։ Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր  Արմինե Օհանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան 

«Ա1+»-ի հիմնադիր, նախագահ Մեսրոպ Մովսեսյան 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյան

«Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան 

Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյան

«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան

«Փաստարկ» ակումբի ղեկավար Տիգրան Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ցուկենբերգից բողոքեք, հարգելի զլմ-ներ (եթե բլոգնյուզը զլմ է իհարկե)=։
    Ուրեմն ժամերով կնստեք կսպասեք մեյլերի, բայց ֆեյսբուքին հետևել չեք կարո՞ղ։
    Սեփական դերը ու ֆունկցիան ճշգրտելու փոխարեն իսկզբանե դատապարտված պայքար եք ծավալել, ու ցավոք չեք էլ ընկալելու ոչ մի կառուցողական քննադատություն։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031