Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի կենտրոնում այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, անվանի ռազմաքաղաքական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման միջոցառումն էր: Արձանի պատվանդանին ծաղիկներ խոնարհեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Արամ Մանուկյանի մասին՝ նա ընդգծեց, որ Մանուկյանը ծնվել էր հաղթելու համար, եւ այդ առաքելությունը կատարեց պարտությունների եւ փորձությունների տեղատարափի ներքո։
«Նա երբեք չապրեց իր կամ իր ընտանիքի համար, նա ապրեց ու պայքարեց ժողովրդի համար։ Նա հաղթեց իր ժողովրդի համար»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Այդ խոսքերին ի պատասխան քաղաքացիները ծափահարեցին։
Վարչապետի խոսքով, ՀՀ ամեն քաղաքացու առաքելությունն է Արամ Մանուկյանի պես մեծերին արժանի լինելը. «Ապրել այնպես, որ ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելիս իրավունք ունենաք նրա աչքերի մեջ «նայել» ու ասել, որ իր գործը կիսատ չէ, իր ոգին ու հաղթանակը կենդանի է, որ հայ ժողովուրդը հաղթանակած է հավիտյան»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Կեցցեն մեր երեխաները, որոնք ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ