ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գործակալության (OFPRA) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավար Էմանուել Շարիերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեպքերի քննության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:
Պատվիրակության ներկայացուցիչները կարևոր են համարել Հայաստանում ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների տեմպը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ շեշտել է, որ դրա հիմքում ընկած է ինչպես իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, այնպես էլ օրենքի առջև բոլորի հավասարության և պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ համակարգի կողմից դրսևորվող հետևողականությունը: Նա ներկայացրել է այս ոլորտում նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ կանգ առնելով ապօրինի հարստացման քրեականացման, գույք և եկամուտ հայտարարագրող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա:
Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ մասնավորապես ընտանեկան բռնությունների հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն ակտիվացել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված և այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխություններով, որոնց հիման վրա նմանատիպ դեպքերում դատախազներն արդեն իրացնում են ընդհանուր կարգով քրեական գործ հարուցելու իրենց վերապահված նոր իրավասությունը, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
Պարոն Մելքոնյանն ընդգծել է, որ այս գործերով մասնագիտացած դատախազների առանձնացումը մեծապես նպաստում է քննությունների որակին և արդյունավետությանը:
Որպես քրեադատավարական պրակտիկայի վրա էական ազդեցություն ունեցող բարեփոխումներ՝ Դավիթ Մելքոնյանն առանձնացրել է հատկապես որպես խափանման միջոց կալանավորման կիրառման, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի ոլորտներում ՄԻԵԴ չափորոշիչների՝ Հայաստանում ներդրման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության առաջանցիկ նախաձեռնությունները և այս ոլորտում մասնագիտական ու հանրային շրջանակների հետ երկխոսության մթնոլորտի հաստատումը:
Անդրադառնալով անօրինական միգրացիայի դեմ պայքարին՝ նշվել է, այս ոլորտում քրեաիրավական պաշտպանության մեխանիզմները գործում են բարձր մակարդակով: Դեռևս 2014թ. Հայաստանում քրեականացվել է անօրինական միգրացիան, և նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դինամիկ ավելացման վիճակագրությունը վկայում է, որ պայքարն այս ուղղությամբ ավելի ու ավելի հետևողական և արդյունավետ է դառնում:
Կողմերը քննարկել են այս ոլորտում համագործակցության հնարավորություններին առնչվող այլ հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազություն