«Ինչ ենք ակնկալում մշակութային դաշտից… Կարեւոր է մրցակցային եւ թափանցիկ դաշտի ապահովումը…Կարեւոր է ներքեւից վերեւ խնդիրների քննարկման, որոշումների, լուծումների փնտրտուքը… Արվեստագետներից ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում»,- հուլիսի 17-ին Մեդիա կենտրոնում կայացած «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն ասաց, որ հրաշալի է, երբ մշակույթի նախարարը խելացի կին է, նաեւ հակադարձելով նախարարի խոսքին, ասաց, որ կցանկանար բացառել մրցակցային բառը: «Պետությունը պետք է ունենա տեսլական մշակույթի եւ արվեստի զարգացման համար: Մշակույթի նախարարությունը չպետք է փող չտալը ներկայացնի որպես գաղափարախոսություն, քաղաքականությունը պետք է հստակ լինի, իսկ արվեստի մրցակցություն չկա»,-ասաց նա: Վիոլետ Գրիգորյանը հավելեց, որ կուզենար արվեստագետները ակնկալեին ճիշտ մթնոլորտ, ինչը հնարավոր է նաեւ առանց փողի:
Ճարտարապետ Միսակ Խոստիկյանը նշեց, որ ակնկալիքը իշխանությունից հարթակների, ձեւաչափերի ստեղծումն է ու բովանդակային խոսակցությունը. «Մի նրբություն կա` պետք է բուն ստեղծագործական հարցերը չդրվեն կոնտեքստների մեջ, որոնք լայն են ու անորոշ, դրա համար էլ նրբությունները կորում են» Նրա խոսքերով, որոշակի քննարկումներ մշակույթի եւ արվեստի խնդիրների վերաբերյալ կարող են լինել այն ձեւաչափով, ինչպես Ազգային ժողովում է. «Բայց չպետք է` ով պատահի, ինչից պատահի, խոսի»:
Նկարիչ Սամվել Սաղաթելյանի ձեւակերպմամբ. «Հարաբերվելու միակ ձեւը արվեստի առաջնայնությունն է: Արվեստը առաջնային է, մշակույթը ստեղծվում է դրանից հետո, դրա հիմքի վրա»:
«Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը համոզված է, որ եթե չունենանք հեղափոխություն մշակույթում, կունենանք 20-25-րդ նախարարը, ու էլի ոչինչ չի փոխվի:
Նախարար Մակունցը նշեց նաեւ, որ պատրաստվում են ստեղծել նախարարին կից այնպիսի մարմին, որն անկախ նախարարի ու քաղաքական իրավիճակի փոփոխությունից պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ քայլերով պետք է շարժվել: «Օրինակ, այսօր չունենք գրաքննադատի ինստիտուտ, գրաքննադատ նկարի ունեմ լավ իմաստով…Իմ նշած կառույցը կարող է որակական նշաձող սահմանել, իր կարծիքը կարող է հրամցնող ձեւաչափ լինել: Բովանդակային թելադրանք չի կարող լինել: Արվեստագետը պետք է լինի ազատ, պետպատվեր չպետք է լինի, քանի որ, եթե դու շեշտադրում ես ստեղծարարությունն ու նորարարությունը, դրանցից ոչ մեկը չի հանդուրժում կաղապարներ»,-ասաց նախարարը:
Վիոլետ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նման ձեւաչափով քննարկումը չի կարող արդյունավետ լինել: «Արդյոք բոլորս մշակույթ բառի տակ նույն բանն ենք հասկանում, այստեղ հնարավոր չէ շատ խորանալ հարցերի մեջ: Հեղափոխություն ենք արել, բա բովանդակություն չպե՞տք է լինի… Առաջին անգամ ենք իրար հետ բառ փոխանակում, մենք չենք էլ հարցնում երկրորդ անգամ բառ փոխանակել»,-տարակուսեց նա:
Միսակ Խոստիկյանի ձեւակերպմամբ, «ամենայն հայոց» ոճով խոսակցությունները ոչնչի չեն տանում, իսկ արվեստի դեպքում չի կարելի որակ բառն օգտագործել, մինչդեռ մշակույթի դեպքում որակը կոնկրետ նշանակությունի ունի: Նա ասաց, որ պետք է նման քննարկումներում ձեռնպահ մնալ ամեն տեսակի պաթետիկ բաներից:
Սամվել Սաղաթելյանը ընդգծեց մշակույթի եւ արվեստի տարբերությանը: «Ինձ համար արվեստի մեջ հանցանք կա, առանց այդ հանցանքը գործելու դու խախտում ես մշակութային արժեքները, այդ հանցանքը շատ անձնական է: Օրինակ, երբ Հիտլերն եկավ իշխանության, գերմանական էքսպրեսիոնիզմը համարեց հիվանդագին, նա մի հանցագործ սերունդ ստեղծեց… Հիմա ինչպե՞ս պետք է մշակույթի նախարարություն ասվածը վերաբերվի այդ հանցանքին` արվեստին»,-ասաց Սամվել Սաղաթելյանը:
Միսակ Խոստիկյանը քննարկման ժամանակ անընդհատ շեշտում էր, որ պետք է պակասեցնել հրապարակախոսությունը, փոխարենը մեծ տեղ տալ մասնագիտական, փորձագիտական խոսակցություններին. «Կրքերի հիման վրա եղանակ ստեղծելը պետք է կրճատվի, հասարակությունը պետք է հասարակություն դառնա, ոչ թե վերածվի տրիբունների, որ շահարկում է այս կամ այն հարցը»:
Արայիկ Մանուկյանը մի պարզ օրինակ բերեց. «Տարեկան 1 մլն դոլար տալիս ենք կինոյին եւ նկարում ենք ամեն ինչ, շատ հնարավոր է, որ պետությունը վաղը որոշի, որ օրինակ առաջիկա 10 տարում պետք է 25 հատ վավերագրական ֆիլմ նկարվի, բայց դա պետք է փորձագիտական ինստիտուտների մակարդակով որոշվի»:
Ինչ վերաբերվում է նախարարին կից խորհուրդներին, Արայիկ Մանուկյանի ձեւակերպմամբ. «Խորհուրդ բոլոր նախարարություններում էլ կան, այնտեղ մարդիկ են ներգրավված, որոնք շաբաթը երեք անգամ հանդիպում են նախարարի հետ եւ ամենաշատ փող ուզողները հենց նրանք են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ