«Ես տեղեկացված եմ եղել, որ չեն թողել, արնաքամ է եղել՝ մահացել է: Եթե ժամանակին բուժօգնություն ստանար, կփրկվեր»
2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող քաղաքական գործիչ, «Հայ կառուցողական կուսակցություն» նորաստեղծ քաղաքական միավորման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննված ոստիկան Տիգրան Գեւորգյանն ուշագրավ տեղեկություններ հայտնեց նաեւ գնդում զոհված ոստիկան Արթուր Վանոյանի մասին: «Նա արնաքամ էր…շտապօգնության մեքենային չէին թողնում ներս մտնի, ուշացավ…տենց մահացավ»,-ասաց նա:
Մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանը հարց ցանկացավ ուղղել նրան:
-Ասացիք, որ շտապօգնության մեքենան ուշ է եկել…
-Շտապօգությունը ժամանակին է եկել: Ես տեղեկացված եմ եղել, որ չեն թողել, արնաքամ է եղել՝ մահացել է: Եթե ժամանակին բուժօգնություն ստանար, կփրկվեր: Նա արնաքամ լինելուց է մահացել,-հստակեցրեց ոստիկանը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ